Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Մարեյը հաղթեց Ջոկովիչին (ֆոտոշարք)

Լոնդոնում ավարտվեց ATP Ամփոփիչ մրցաշարը։ Աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Էնդի Մարեյի ու Նովակ Ջոկովիչի միջև կայացած եզրափակիչն ավարտվեց բրիտանացու հաղթանակով։

1 ժամ, 43 րոպե տևած խաղում արձանագրվեց 6։3, 6։4 հաշիվը։ Մարեյը թույլ տվեց 3 կրկնակի սխալ, իրացրեց 3 բրեյք-փոյնթ՝ 9 հնարավորից, իսկ Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 1 էյս, 1 բրեյք-փոյնթ։

Էնդի Մարեյի համար սա առաջին հաղթանակն է Ամփոփիչ մրցաշարում, իսկ Ջոկովիչը տարվա վերջին մրցաշարում հաղթել է 5 անգամ։ Այս հաղթանակի շնորհիվ Էնդի Մարեյը 2016 թվականը կավարտի ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում։

Մարեյը կպահպանի առաջին ռակետի կարգավիճակն առնվազն մինչև Ավստրալիայի Բաց առաջնության ավարտը։ Նոր մրցաշրջանում «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարում Մարեյը պետք է եզրափակչի համար պաշտպանի 1200 վարկանիշային միավոր, իսկ Ջոկովիչը՝ տիտղոսի համար 2000 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում