Ռոբերտ Արզումանյան․ Հավաքականում պետք է խաղան ուժեղագույնները

2005 թվականին՝ 19 տարեկանում, նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի կազմը։ 11 տարի շարունակ «5» համարի մարզաշապիկը «պատկանում» էր նրան։ Նա հավաքականի ոսկե սերնդի ներկայացուցիչն էր, և անգամ ազգային ընտրանու կազմում ելույթներն ավարտելուց հետո նրա անունը չդադարեց հնչել մարզադաշտում։

Sport.Times.am-ի զրուցակիցը Ռոբերտ Արզումանյանն է, ով պատմել է հավաքականում նորամուտի, պատասխանատվության, ֆուտբոլային գրված ու չգրված օրենքների, իր կարիերայում հետք թողած մարզիչների ու խաղընկերների մասին։

-Ավարտվում է Կարագանդայի «Շախտյորի» հետ Ձեր վարձավճարային պայմանագիրը, իսկ մինչև 2017 թվականի հունիս պայմանագիր ունեք Պերմի «Ամկարի» հետ։ Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան։

-Այս պահին չեմ մտածում այդ մասին, քանի որ ծնկի հետ կապված խնդիր ունեմ։ Վիրահատությունից հետո լիարժեք չի վերականգնվել։ Հիմա վերականգնողական փուլ եմ անցնում։ Հունվարին, երբ վերսկսվի մրցաշրջանը, պարզ կլինի, թե որտեղ կխաղամ։ Ամեն ինչ կախված է ծնկիս բուժումից։

-Ինչո՞ւ վերականգնումն այսքան երկար տևեց։

-Կոնկրետ չեմ կարող ասել։ Վիրահատությունը նորմալ էր, հավանաբար ֆիզիկական պատրաստության մարզչի հետ վերականգնողական փուլի ընթացքում շտապեցինք։ Այսպես ասեմ՝ բժիշկն ինչպես ասել էր, այնպես էլ արել ենք։ Ըստ էության, սխալ էր վերականգողական փուլի հաշվարկը, շտապեցինք, որ շուտ խաղամ ու այսպես ձգձգվեց։

-Իսկ այժմ ինչպե՞ս եք փորձում մարզավիճակ պահել Հայաստանում։

-Այնքան մարզավիճակի խնդիր չէ, ինչքան ծնկի։ Մարզասրահ եմ հաճախում, որ մկանս պնդացնեմ, որպեսզի ծանրաբեռնվածությունը ծնկի վրա քիչ ընկնի։ Աստիճանաբար ավելացնում եմ ծանրաբեռնվածությունը։

-Դո՞ւք եք կարգավորում, թե՞ օգնող կա։

-Ոտքի հիմնական վարժությունը գիտեմ, բայց կա նաև մարզիչ, ով օգնում է, ֆիզիկական վարժություններ ենք անում։

-Վնասվածք ստացաք մայիսին: Այս ընթացքում գտնվում էիք Ղազախստանում։

-Մայիսի 17-ին վիրահատվեցի։ Ըստ բժշկի՝ խաղադաշտ պետք է վերադառնայի արդեն հունիսի 20-ին, բայց վերականգնումը սկսվեց ձգձգվել, ես էլ մտածում էի․ «դե լավ կլինեմ, կսկսեմ խաղալ»։ Հետո մեկնեցի Իտալիա, բուժման կուրս անցա։ Եթե իմանայի՝ մինչև տարվա վերջ չեմ խաղալու, միգուցե չմնայի Ղազախստանում, բայց սպասողական վիճակ էր։ Անընդհատ մտածում էի՝ շուտով կանցնի վնասվածքս, բայց դեռ անցնում (ժպտում է)։

-Ակումբում ինչպե՞ս վերաբերեցին այսպիսի երկար վերականգնողական շրջանին։

-Նորմալ։ Լավ փոխհարաբերություններ են։ Վնասվածքն էլ ստացել եմ խաղի ժամանակ, ոչ թե, ասենք, կռիվ անելիս։ Ճիշտ է, հնարավոր է թիմեր լինեին, օրինակ Ղազախստանում հանդիպում են այդպիսի դեպքեր, որ խնդիրներ ստեղծեն, բայց իմ պարագայում ամեն ինչ նորմալ էր։ Ակումբն էլ էր ուզում՝ շուտ վերադառնամ կազմ, բայց չստացվեց։

-Համագործակցությունը շարունակելու տարբերակներ չե՞ն առաջարկել։

-Ոչ, քանի որ ծունկս դեռ լիարժեք չի վերականգվել։ Ինքս չեմ կարող ինչ-որ մի թիմի խոսք տալ և հետո կոպիտ ասած «քաշել»։ Երբ բուժումս լրիվ ավարտվի, արդեն պարզ կլինի։

-Խոսակցություններ էին պտտվում, որ «Ամկարի» գլխավոր մարզիչ Հաջի Հաջիևի հետ խնդիրներ կան, ու հենց դրանց պատճառով տեղափոխվեցիք «Շախտյոր»։ Ձեր վերադարձը պատկերացնո՞ւմ եք։

-Մարզչի հետ խնդիր չի եղել։ Ուղղակի կար որոշակի նեղվածություն․ երբ նոր տեղափոխվեցի «Ամկար», նա էլ եկավ, թիմը գտնվում էր ծանր վիճակում։ Ես օգնեցի թիմին (2014-15թթ․ մրցաշրջանում «Ամկարը» գտնվում էր ռուսական Պրեմիեր լիգայից դուրս մնալու եզրին, սակայն ի վերջո թիմը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և շարունակեց ելույթները ՊԼ-ում)։ Նա դա լավ գիտեր։ Հետո սկսեց 0-ից թիմ կառուցել։ Լեգիոներների լիմիտ կար, իսկ ամեն մարզիչ ունի իր խաղացողները։ Կիսապաշտպանության կենտրոնում ու եզրերում հիմնականում լեգիոներներ էին, ու նրանց փոխարինող ռուս ֆուտբոլիստներ չկային, պետք է ռուս ֆուտբոլիստները խաղային իմ դիրքում։ Ես այդ ամենը հաշվի եմ առնում ու լավ հասկանում եմ։ Չկար ինչ-որ կոնֆլիկտ։ Պարզապես երբ թիմին օգնում ես այդ վիճակում՝ գոհ են մնում, իսկ երբ սկսում են 0-ից թիմ կառուցել՝ այդպես են անում․․․ Բայց ֆուտբոլում սա նորմալ երևույթ է։

-Խաղացել եք Հայաստանի, Դանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի առաջնություններում։ Ձեր խաղաոճին ո՞րն էր ավելի հարմար։

-Ես սիրում եմ, երբ գնդակը խոտածածկին է ավելի շատ լինում, բայց ամեն տեղ էլ հնարավոր է հարմարվել։ Երբ Հայաստանի առաջնությունից տեղափոխվում ես, ամեն ինչ այլ է։ Այստեղ պայքարը քիչ է։ Յուրաքանչյուր այլ առաջնությունում պայքարն ավելի շատ է։ Սովորելու և հարմարվելու վրա է։ Յուրաքանչյուր առաջնությունից էլ ինչ-որ բան ստացել եմ։ Միայն Լեհաստանում էր, որ խաղացի ընդամենը կես տարի և 1 տարի վնասվածք ունեի։ Իրականում ֆուտբոլիստը պետք է հարմարվի առաջնությանը, ոչ թե հակառակը։

-Իսկ ակումբների՞ց։ Որտե՞ղ է եղել ամենալավ ժամանակահատվածը։

-Հավանաբար «Ամկարում», քանի որ բարդ խնդիր էր՝ մնալ ՊԼ-ում։ Նույնիսկ երբեմն մենք չէինք հավատում, բայց շատ հաջող խաղեր եղան, ուժեղ թիմերի հաղթեցինք՝ օրինակ ԲԿՄԱ-ին, «Դինամոյին»։ Դանիայում էլ է եղել հաջող մրշաշրջան, իսկ «Ակտոբեում» չեմպիոն դարձանք։ Երևի կհամեմատեի Պերմում անցկացրած շրջանն «Ակտոբեի» հետ՝ չնայած թիմերի առջև դրած խնդիրները տարբեր էին։

-18․03․2005 թվական, Քուվեյթ-Հայաստան ընկերական խաղ․ առաջին անգամ դուրս եկաք խաղադաշտ հավաքականի մեկնարկային կազմում։ 11 տարի է անցել այդ օրվանից։ 19-ամյա ֆուտոբլիստի համար շատ պատասխանտու չէ՞ր։ Ինչպե՞ս եք այդ ամենին հիմա նայում։

-Ո՛չ։ 11 տարվա ընթացքում հավաքականում անցկացրած բոլոր խաղերը հիշում եմ (Ռոբերտ Արզումանյանը հավաքականում անցկացրել է 74 խաղ, խփել 4 գնդակ-խմբ․)։ Ժամանակ կար՝ անգամ խաղերի ամսաթվերն էի հիշում։ Հաճելի է եղել, լավ հիշողություններ ունեմ։ Երբ երիտասարդ էի, չէի գիտակցում, որ պատասխանատվություն կա, ընդհակառակը՝ երբ այն ժամանակ դուրս էի գալիս խաղադաշտ, սկզբի 3 խաղը (Քուվեյթ-Հայաստան, Հայաստան-Անդորրա, Հոլանդիա-Հայաստան), մանավանդ Հոլանդիայի հետ խաղը, վայելում էի՝ մտածելով, որ կորցնելու բան չունեմ։ Երբ ֆուտբոլիստը մտնում է խաղադաշտ, որ խաղը վայելի՝ դա ամենևին էլ չի նշանակում, որ նայելու է տրիբունաներին, յուրաքանչյուր մենապայքար հաղթելը հաճելի է։ Չկար լարվածություն, ու ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց։ Գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ այն ժամանակ հավաքականից սպասումները շատ չէին։ Հետո եղան արդյունքներ ու սպասումներն էլ շատացան։ Այդ ժամանակ եկավ պատասխանատվությունը։ Երբ քեզանից շատ են սպասում ու պահանջում, սկսում է ինչ-որ չափով պատասխանատվության բեռը ճնշել։

-Այդ ժամանակ ավելի՞ դժվարացավ խաղալը։

-Չդժվարացավ, ճնշման հարցն է։ Քեզանից ավելի երիտասարդ ֆուտոբոլիստներ կան, ու դու պետք է «տանես» խաղը, մանավանդ, եթե կենտրոնական պաշտպան ես։ Երիտասարդ ժամանակ այդ ամենը չես գիտակցում, պարզապես դուրս ես գալիս խաղալու։ Շատերի մոտ է այդպես։

-Երբ սկսեցիք հավաքականում ելույթ ունենալ, հավաքական սկսեց չհրավիրվել Հարություն Վարդանյանը։ Փաստացի փոխարինեցիք նրան։

-Երբ 2005 մարտին հրավիրվեցի հավաքական, նա վնասվածք ուներ։ Ի դեպ, նա հավաքականում իմ ամենասիրելի պաշտանն էր։ 7 տարեկանից գնացել եմ մարզադաշտ ու հավաքականի տնային ոչ մի խաղ բաց չեմ թողել։ Եվրո-96-ի որակավորման փուլի Հայաստան-Մակեդոնիա խաղը (2։2) միակն է, որ բաց եմ թողել հարգելի պատճառներով։

Երբ Հարությունին չէին հրավիրել՝ մտածում էի՝ «դե վնասվածք ունի, չեն հրավիրել»։ Հետո արդեն 2005 թվականի սեպտեմբերին հրավիրեցին՝ Հոլանդիա-Հայաստան խաղին, բայց չընդգրկվեց հիմնական կազմում և էլ չհրավիրվեց հավաքական։ Չեմ էլ մտածել, որ «5» համարն եմ և փոխարինում եմ նրան։ Մտածել եմ իմ խաղի մասին։

-Բեռնար Կազոնի, Հենկ Վիսման, Յան Պորտերֆիլդ, Վարդան Մինասյան, Բեռնար Շալանդ, Սարգիս Հովսեփյան։ Այս մարզիչների հետ հնարավորություն եք ունեցել աշխատելու հավաքականում։ Ո՞վ ի՞նչ է տվել Ձեզ։

-Յուրաքանչյուր մարզչից ֆուտոբոլիստը սովորելու բան ունի։ Ինձ համար ամենակարևոր մարզիչը, հավանաբար, եղել է Բեռնար Կազոնին, քանի որ նա է ինձ հավաքական հրավիրել ու միշտ շատ լավ է վերաբերել։ Նրանից հետո ով էլ աշխատել է, լավ շրջան, թե վատ, ինչ-որ բան տվել է։ Վարդան Մինասյանի հետ լավ ժամանակաշրջան ունեցանք․ լավ մարզիչ ու լավ մարդ է։ Բեռնար Շալանդը, ում շատերը լավ չգիտեն ու նրա գործը գնահատում են զուտ արդյունքներից ելնելով, որպես մարզիչ շատ լավն էր, լավ մարդ է ու հավաքականին լավ էր պատրաստում։ Ամենալավ մարզիչներից էր, ում հետ ես ընդհանրապես աշխատել եմ։

– Իսկ Ձեր կարիերայում մարզիչներից ո՞վ է ամենամեծ ազդեցությունը թողել։

-Գևորգ Ղահրամանյանը։ Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է այն ժամանակահատվածը, երբ հիմքն է դրվում։ Նա շատ մեծ հետք է թողել։

-Հավաքականում պաշտպանությունում խաղացել եք տարբեր ֆուտբոլիստների հետ։ Ո՞ւմ հետ է համագործակցությունն ավելի լավ եղել։

-Երբ սկսեցի, Կարեն Դոխոյանի հետ էի խաղում, ինձ թվում է՝ լավ էր ստացվում։ Երբ խաղընկեր պաշտպանը գրագետ է լինում, նրա հետ խաղալը հեշտ է ստացվում, եթե անգամ միմյանց հետ երկար խաղալու փորձ չունեք։ Ալեքսանդր Թադևոսյանի հետ էլ եմ խաղացել, նույնպես լավ էր։ Ինչ-որ մեկը չկա, որ առաձնահատուկ նշեմ։ Հավաքականում իմ խաղի վրա մեծ է եղել Կարեն Դոխոյանի ազդեցությունը։

-Իսկ ակումբայի՞ն կարիերայում։

-Դանիական «Ռանդերսից» Ռալֆ Պեդերսենը, ումից ես շատ բան եմ սովորել։ Կարելի է ասել՝ հիմնական բաները սովորել եմ իրենից, քանի որ երբ տեղափոխվեցի այնտեղ, շատ բան չգիտեի։ Նա 35 տարեկան էր, ոչ շատ արագ էր, ոչ էլ առանձնապես լավ տեխնիկա ուներ, բայց ֆուտբոլային առումով սովորեցնում էր, որ խաղադաշտում յուրաքանչյուր շարժումը կարևոր է։ Շատ էր խոսում ու սովորեցնում։

-Դարպասապահներից ո՞ւմ կառանձնացնեք։

-Դարպասապահի հետ համագործակցությունը կարևոր է, բայց ավելի կարևոր է պաշտպանների հետ համագործակցությունը։ Ես միշտ կատակում եմ՝ դարպասապահների մոտ անհատական սպորտաձև է։ Կարևոր է՝ նրանք հուշեն խաղացողներին, քանի որ տեսնում են ամբողջ խաղը։

-Խոսեցինք պաշտպանների համագործակցությունից։ Եվրո-2016-ի որակավորման Հայաստան-Ֆրանսիա խաղից առաջ Լևոն Հայրապետյանին հարց տվեցինք, թե ինչքանով օգնեց Ռոբերտ Արզումանյանի վերադարձը Հայաստան-Սերբիա խաղի (1։1) ընթացքում պաշտպանության լավ խաղին։ Նա պատասխանեց, որ Դուք պաշտպանության շեֆն եք։

(Ժպտում է) Ֆուտբոլում կա այդպիսի միտք, որ կենտրոնական պաշտպաններից մեկին «командир» են ասում։ Հենց այդ պաշտպանն է ավելի շատ խոսում։ Եթե 2 կենտրոնական պաշտպանն էլ խոսում են՝ իդեալական է, բայց սովորաբար յուրաքանչյուր թիմում մեկն է այդպիսին լինում։ Ֆուտբոլում շատ կարևոր է այդ հաղորդակցությունը, որ խոսեն, հասկանան իրար խաղի ժամանակ։ Երևի դա է նկատի ունեցել, որ ես խաղադաշտում միշտ խոսում և հուշում եմ դիմացս գտնվողին։ Իհարկե, խաղային դրվագներում, այնպես չի լինում, որ անիմաստ խոսեմ (ծիծաղում է)։

-Մեր հավաքականը, մանավանդ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, խաղում էր 5 պաշտպանով, մինչ այդ՝ երկար ժամանակ 4-ով։ Ձեզ ինչպե՞ս էր հարմար։

-Ավելի հարմար է եղել 4-ով, քանի որ խաղային պրակտիկայիս 90 տոկոսը այդպես եմ խաղացել։ Երբ սկսեցինք կիրառել 5 պաշտպանով դասավորվածությունը, սկզբից դժվար էր, որովհետև հավաքականում բոլոր պաշտպանները խաղացել էին 4-ի սխեմայով՝ 2 կենտրոնականով։ Բայց դա էլ իր առավելությունն ուներ։ Բեռնար Շալանդի հետ մենք անցանք 5 պաշտպանով դասավորվածությանը, քանի որ կային խնդիրներ։ Սերբիայի հետ խաղից առաջ կատակում էինք, որ նրանց հետ դուբլով ենք խաղալու։ Մարզիչը պատահական չէր այդ սխեման ընտրում, այլ ֆուտոբոլիստներից ելնելով։ 5 պաշտպանով խաղալու իմաստն այն էր, որ ավելի քիչ տարածություններ թողնեինք մրցակցին։ Ինձ համար ավելի հոգեհարազատ է 4 պաշտպանով, ես ավելի շատ եմ սիրում խաղալ 1-1-ի դեմ։

-Ո՞ր դասավորվածությունն էր մեր հավաքականին ավելի հարմար։ Օրինակ՝ այս ընտրական փուլի սկզբում խաղացինք 5 պաշտպանով և պարտվեցինք, իսկ միակ խաղը, որում հաղթեցինք, 4 պաշտպանով էր։

-Միանշանակ չենք կարող ասել։ Օրինակ՝ Լեհաստանին կարող էինք հաղթել վերջին վայրկյանին, և ոչ մեկ չէր խոսի տակտիկայի մասին։ Ճիշտ է, Լեհաստանն էլ ուներ մինչ այդ չիրացրած պահեր։ Կարող էինք խաղալ 4 պաշտպանով և պարտվել։ Նույն Մոնտենեգրոյի հետ 4 պաշտպանով խաղալու դեպքում պարտվում էինք 0։2 հաշվով, կարող էր 0։4 էլ լինել, բայց ի վերջո հաղթեցինք 3։2 հաշվով։ Ֆուտբոլում այդպես է․ հաղթեցիր՝ ամեն ինչ լավ է, պարտվեցիր՝ ամեն ինչ վատ է։ Օբյեկտիվ չէ։ Երբ թիմը հաղթում է, ամեն ինչի մասին մոռանում են, պարտվում է՝ ուրեմն սխեման չաշխատեց։

Այնպես չէ, որ 5 պաշտպանով խաղալու դեպքում միշտ նույն խաղային դասավորվածությունն է կիրառվում։ Օրինակ՝ «Յուվենտուսը» խաղում է 5 պաշտպանով, բայց միշտ հարձակվում է, քանի որ եզրային պաշտպանները առաջ քաշված են։ Մենք Շալանդի գլխավորությամբ 5 պաշտպանի դասավորվածությամբ խաղացել ենք Դանիայի, Սերբիայի ու Պորտուգալիայի հավաքականների հետ, բայց բոլոր խաղերն էլ տարբեր դասավորվածությամբ են եղել։ Օրինակ՝ Դանիայի հետ խաղացել ենք կեղծ հարձակվողով՝ Հենրիխ Մխիթարյանը, իսկ Սերբիայի հետ խաղացել ենք առանց կենտրոնական հարձակվողի։

-Հավաքականում ելույթներն ավարտելուց հետո դժվար չէ՞ խաղերը հեռուստացույցով դիտելը։

-Անկեղծ՝ ոչ։ Իմ բնավորությունն է, որ ինչ-որ եղել՝ եղել է։ Ես չեմ զղջում եղածի համար։ Ինձ համար նորմալ է։

-Իսկ եղե՞լ է դեպք, երբ նայեք ու մտածեք․ «Այ հիմա խաղադաշտում լինեի, փորձեի փոխել ամեն ինչ»։

-Ոչ, չի եղել։ Պարզապես նայել եմ։

-Չնայած Ձեր հասցեին հնչած մեղադրանքներին, երկրպագուները շարունակում են մարզադաշտում Ձեր անունը վանկարկել և վերադարձը պահանջել: Դա հավաքականից հեռանալու որոշման համար զղջալու առիթ չի՞ հանդիսացել։

-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ: Մեկին դժվարությամբ է տրվում հավաքականից կամ ընդհանրապես ֆուտբոլից հեռանալը, մյուսին` հեշտ: Ինձ համար դեռ ոչ մի որոշում դժվարությամբ չի տրվել:

-Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանի առաջին ասուլիսի ժամանակ հարց եղավ Ձեզ հավաքական հրավիրելու մասին: Մարզչի պատասխանից կարելի էր ենթադրել, թե Ձեզ հավաքական հրավիրելը հնարավոր էր դիտարկել, եթե ազգային ընտրանու կազմում ելույթներն ինքներդ ավարտած չլինեիք: Միգուցե, նա Ձեզ հետ փորձել է կապ հաստատել․․․

-Ոչ։ Ոչ մեկ ինձ հետ կապի դուրս չի եկել: Արթուր Պետրոսյանին անձամբ ճանաչում եմ, նա լավ մարդ ու մարզիչ է: Չեմ ցանկանում մեկնաբանել նրա խոսքերը, որովհետև հավաքականի մարզիչն է: Նրան հաջողություն եմ մաղթում և համոզված եմ՝ ամեն ինչ կանի հավաքականում դրական արդյունքի հասնելու համար:

-Ժամանակակից ֆուտբոլում տեսնում ենք դեպքեր, երբ ֆուտբոլիստները հավաքականում իրենց խնայում են ակումբային կարիերան առաջ տանելու համար: Դուք ընդհակառակը` երբեմն վնասվածք եք ունեցել, ակումբում չեք խաղացել, սակայն եկել եք հավաքական, ներարկումներով խաղադաշտ մտել, հետո կրկին վերադարձել ակումբ: Տեղի ունեցած միջադեպերից հետո չե՞ք ափսոսում, որ ակումբային կարիերային քիչ եք ուշադրություն դարձրել:

-Ընդհանրապես չեմ ափսոսում: Նույնիսկ չեմ մտածել այդ ուղղությամբ: Անկեղծ եմ ասում` ես հավաքականի համար նման բաներ արել եմ, որովհետև իմ սիրտն է թելադրել: Դրա համար ո՛չ զղջացել եմ հաջորդ օրը վնասվածքով զարթնելիս, ո՛չ էլ երբևէ կզղջամ:

-Նշեցիք՝ հավաքականում դարձաք Հարություն Վարդանյանի փոխարինողը: Ներկայիս հավաքական մշտապես հրավիրվող երիտասարդ պաշտպաններից ո՞ւմ եք համարում Ձեր գործը շարունակողը և նրանցից ամենախոստումնալիցը:

-Չէի ցանկանա նման որակում տալ։ Մարզիչն է որոշողը, թե ով պետք է խաղա: Նրանցից ամենաերիտասարդը Գաել Անդոնյանն է: Նրա փորձի պակասը զգացվում է, այդ պատճառով սխալներ է թույլ տվել, սակայն նա ունի շատ լավ որակներ: Ինչու եմ նրա անունը տալիս, որովհետև զգացվում էր, որ վերջին սխալներից հետո կոտրվել էր: Բայց Գաելն ուժեղ տղա է: Նրան պրակտիկա է անհրաժեշտ, նրա տարիքում սխալների վրա են սովորում: Բացի այդ, Գաելի վրա ահռելի պատասխանատվություն դրվեց: Անմիջապես մեկնարկային կազմում խաղաց, տեսավ, թե ինչպես հայ ազգը նրան օդանավակայանում ու մարզադաշտում դիմավորեց, դրանից անակնկալի եկավ… Ենթադրում եմ՝ դրանից հետո փորձեց ավելի ու ավելի հաջող հանդես գալ և վերջում «վառվեց»: Եթե այդ ամենը չլիներ, այդ բեռի տակ չհայտնվեր, հավանաբար, ավելի լավ կխաղար և անհաջողություններն այդքան ծանր չէր տանի:

Ի դեպ, վերադառնալով հավաքականում խոստումնալիցների մասին հարցին: Ազգային ընտրանին խաղում է հաղթելու համար, պետք է ուժեղագույնները խաղադաշտ դուրս գան։ Հավաքականն ակումբ չէ, որ կարողանան հետագայի մասին մտածել: Այո, պետք է նաև երիտասարդներին փորձ հավաքելու հնարավորություն տալ, բայց առաջնային խնդիրն այս պահին հաղթելն է: Պետք չէ հավաքականում նայել ֆուտբոլիստի տարիքին: Հայ մարզիչների մոտ միտում եմ նկատել, որ ամեն անգամ 19 տարեկանների հավաքական են տանում  17 տարեկանների, խոշոր հաշվով պարտվում են, հետո ասում են, թե այդ տարիքում 1-2 տարին մեծ նշանակություն ունի, մենք նման քայլի դիմել ենք, որ մյուս տարի այդ պատանիներն ավելի ուժեղ լինեն: Գալիս է հաջորդ տարին և տեսնում ենք, որ կա՛մ այդ 19 տարեկանները չկան, տեսադաշտում չեն, կա՛մ էլ կրկին 17 տարեկաններին են հրավիրում: Դա նմանվում է «կռուտիտ» լինելուն: Ստացվում է՝ միշտ պարտվելուն պատճառ կա: Դրա համար ցանկալի է, որ ազգային հավաքականում նման բան չլինի, որովհետև բոլորս ցանկանում ենք մասնակցել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ դրա համար հարկավոր է, որ ուժեղագույնները խաղան:

-Անդոնյանը «Մարսելի» ֆուտբոլիստ է, երբեմն մարզվում է հիմնական թիմի հետ, խաղում «Օլիմպիկ-2»-ում: Ինչպե՞ս եք վերաբերվում այն մոտեցմանը, որ նա մարզվում է անվանի ակումբում, սակայն նրա կազմում խաղային պրակտիկա չունի: Նրա հետ խոսե՞լ եք այդ մասին։

-Նրա հետ այդ թեմայով չեմ խոսել, որովհետև լեզվի խնդիր կա: Նա հայերեն ու անգլերեն չգիտի, ես էլ ֆրանսերենին չեմ տիրապետում: Բայց նրա տարիքն այնպիսին է, որ պետք է անպայման խաղա, թեկուզ ավելի թույլ թիմ տեղափոխվելու գնով: Թեպետ, «Մարսելի» պես լավ թիմի ուժեղ ֆուտբոլիստների հետ մարզվելուց էլ կարելի է շատ բան սովորել:

-Հայաստանի հավաքականի արդյունքներից խոսեցիք: Ընթացիկ ընտրական փուլում ի՞նչ վերջնական արդյունք եք ակնկալում մեր ընտրանուց:

-Դժվար կլինի երեք պարտությունների պարագայում եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Ամեն դեպքում ֆուտբոլ է, ամեն ինչ մի քանի վայրկյանում փոխվում է: Ֆուտբոլում ամենակարևորը հաջորդ խաղն է և ընտրական փուլի վերջի մասին առայժմ պետք չէ մտածել:

-Նախորդ ընտրական փուլի անհաջողություններն ամփոփելիս պատճառներից մեկը նշել էիք այն հանգամանքը, որ մրցակիցները սկսել են նախկինի համեմատ ավելի մանրակրկիտ վերլուծել Հայաստանի հավաքականի խաղը: Կբացատրե՞ք՝ խաղադաշտում այդ վերլուծությունն ինչո՞վ էր արտահայտվում:

-Ֆուտբոլում այսպիսի պահ կա, երբ քեզանից թույլի հետ ես խաղում՝ մտածում ես, թե մրցակիցը հիմա սխալ թույլ կտա, գնդակը կկորցնի, կարիք չկա գնդակը խլելու համար իրական պայքարի մեջ մտնել, բավական է ձևական դա ցույց տալ: Բոլորի հետ էլ ինչ-որ պահի պատահում է: Հասկանալի է, որ պրոֆեսիոնալներ ենք, և նման բաներից պետք է խուսափենք, բայց դա իր տեղն ունի: Ինչու եմ սա ասում․ մի քանի տարի առաջ մրցակիցները նույնկերպ թերագնահատում էին մեզ: Իսկ երբ սկսեցինք տպավորիչ հաղթանակներ տանել, Դանիայի ու Սլովակիայի պես թիմերին ջախջախել, սկսեցին մեզ շատ ավելի լուրջ վերաբերվել:

Օրինակ` խաղից առաջ նրանց մարզիչները հանձնարարում էին գնդակը կորցնելու դեպքում արագորեն հետ նահանջել, տարածություններ չտալ, մեր լավագույն խաղացողներին` Հենրիխ Մխիթարյանին, Յուրա Մովսիսյանին մի քանի խաղացողներով հսկել, վտանգից խուսափելու համար արագորեն կանոնների խախտում կատարել… Բացի այդ, կարծում եմ՝ Եվրո-2012-ի ընտրական փուլի մեր խումբն ավելի թույլ էր, քան մյուս ընտրական փուլերինը:

-Հաջորդ խաղում Հայաստանի հավաքականն ընդունելու է Ղազախստանի ընտրանուն: Այդ երկրում ի՞նչ են խոսում մեր թիմի մասին:

-Վիճակահանությունից հետո ասում էին՝ դժվարին մրցակից է բաժին ընկել, իսկ հիմա ասում են, թե կհաղթեն Հայաստանին:

– Հայկական ակումբային ֆուտբոլին հետևո՞ւմ եք:

-Բնականաբար, չեմ կարող չհետևել: Նայում եմ գրանցված հաշիվները, խաղերի տեսությունները: Հանդիպումների հեռարձակումնե՞րը. պատահել է, որ մի 5-10 րոպեով դիտած լինեմ: Թիմերի ֆուտբոլիստներին խորացված չեմ ճանաչում:

-Երիտասարդական ու պատանեկան հավաքականների ներկայացուցիչներից ո՞ւմ կարող եք առանձնացնել:

-Վահան Բիչախչյանին: Նրա մասնակցությամբ խաղեր եմ տեսել: Նրա շարժումները շատ ֆուտբոլային են: Երևում է նաև, որ աշխատասեր է ու լավ մարդ: Պատահական չէ, որ փորձաշրջանի էին կանչել Մոսկվայի ԲԿՄԱ, իսկ հիմա էլ «Ֆիորենտինա»:

-Նրա տարիքի ֆուտբոլիստի համար իմաստ տեսնո՞ւմ եք Ռուսաստան մեկնելու, եթե հաշվի առնենք այնտեղ առկա լեգիոներների սահմանափակումը:

-Ֆուտբոլն այնպիսին է, որ առաջին տպավորությունից 80 տոկոս հավանականությամբ չարժե մեկնել լեգիոներների սահմանափակում ունեցող Ռուսաստան, սակայն անհատական գործոնն էլ կա: Նա կարող է գնալ ԲԿՄԱ, միանգամից շատ լավ խաղալ և ուժեղ ֆուտբոլիստ դառնալ: Իսկ, օրինակ, երիտասարդների համար բարենպաստ համարվող Հոլանդիա մեկնելու դեպքում չի բացառվում, որ չստացվի: Դրա համար ամեն մեկի դեպքը յուրահատուկ է: Կցանկանայի, որ Վահանն այնպիսի ակումբ տեղափոխվեր, որտեղ խաղալու շանս կստանար, ինչը երիտասարդի համար շատ կարևոր է:

-Համաշխարհային ֆուտբոլում վերջին միտումներից ու զարգացումներից կա՞ն այնպիսինները, որոնք կցանկանայիք առանձնացնել: 

-Օրինակ՝ բոլորը խոսում են, որ Եվրոպայի վերջին առաջնությունը լավը չէր, սակայն ինձ համար այն լավն էր: Տակտիկական ֆուտբոլ էր ընթանում, գնդակն արագ էր տեղաշարժվում… Հիմա ֆուտբոլն այնպիսին է դարձել, որ գնդակը կորցնելու դեպքում ամբողջ թիմով են պաշտպանվում: Այդ միտումը կար, պայքարը շատ էր, հետաքրքիր խաղեր կային: Հնարավոր է՝ շատ գոլեր չէին գրանցվում, շատ երկրպագուների համար լավ հանդիպումները նրանք են, որոնք 3:2 կամ նման գոլառատ այլ հաշվով կավարտվեն, սակայն դրանք կարող են անորակ մրցավեճեր լինել: Հետզհետե ֆուտբոլը նրան է գնում, որ յուրաքանչյուր խաղացող դաշտում ահռելի աշխատանք է կատարում, ամբողջ հանդիպման ընթացքում վազում է, հատկապես հավաքականներում:

-Հիմա նաև թեժ է «Ոսկե գնդակի» թեման: Դուք ո՞ւմ կտայիք լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

-Մեսսիին: Նա ոչ միայն գոլեր է խփում, այլև ամբողջ խաղը կառուցում: Նույնիսկ տարվա կարևոր մրցաշարերը չհաղթելը նրա լավագույնը լինելու վրա չի ազդում: Ոմանք ասում են՝ Ռոնալդուն Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի առաջնությունը հաղթեց, բայց դրանք միայն Կրիշտիանուն չհաղթեց: Չեմպիոնների լիգայի կիսաեզափակիչներում նա չկար, եզրափակչում «բացակայում էր», նույնը նաև Եվրոպայի առաջնության չեմպիոնական խաղում: Նույն տրամաբանությամբ Պեպեն էլ պետք է «Ոսկե գնդակ» ստանա: Ճիշտ է, Ռոնալդուն գոլ խփող է, բայց նա շատ խաղերում պասիվ է: Նույնիսկ վիճակագրություն կա յուրաքանչյուր խաղի միջին գնահատականի, ըստ որի Մեսսին է լավագույնը:

Իրականում, եթե իմ որոշելիքը լիներ, նման մրցանակաբաշխությունները չէին անցկացվի, որովհետև դրանք մի փոքր արդար չեն և շոուի են վերածվել: Բայց քանի որ այս ամենը մեր կյանքի մի մասն է դարձել և պետք է մեկին ընտրենք, ուրեմն՝ Մեսսի։

-31 տարեկան եք: Կարիերան ավարտելու մտքեր եղե՞լ են։

-Նախկինում մտածում էի՝ մինչև 34-35 տարեկան կխաղամ, հետո նոր կհեռանամ ֆուտբոլից: Այժմ առաջնային նշանակություն է ստացել ոչ թե ցանկությունս, այլ ծնկիս վնասվածքը: Որքան առողջությունս թույլ տա, այնքան էլ կխաղամ։

-Մարզիչ դառնալու մտադրություն ունե՞ք:

-Կան նման մտքեր: Եթե մի օր որոշեմ այդ մասնագիտությանն անցնել, կուզեմ աստիճանաբար առաջ գնալ: Մարզիչը պետք է պատրաստ լինի ծանր աշխատանքին, որովհետև ոմանց թվում է, թե ճանաչված ֆուտբոլիստ լինելը բավական է, որ նրան մարզչի աշխատանքում ամեն ինչ ներեն, բայց դա այդպես չէ: Ֆուտբոլիստն իր սխալներն ուղղելու շատ շանսեր է ունենում, իսկ մարզչի դեպքում դրա համար քիչ ժամանակ է տրվում: Վառ օրինակ է Ֆիլիպո Ինձագին, ում առաջին պրոֆեսիոնալ թիմն անմիջապես «Միլանը» դարձավ, իսկ հիմա նա որտեղ է… Հարկավոր է աստիճանաբար առաջ գնալ:

 

Զրուցեցին
Հասմիկ Գրիգորյանը և Հայկ Հովհաննիսյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում