«Փյունիկն» ու «Բանանցը» մեկական գնդակ խփեցին (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի մեկնարկային խաղում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպեցին «Փյունիկն» ու «Բանանցը»:

Հաշիվը 10-րդ րոպեին բացեցին տանտերերը: Հյուրերի պաշտպան Վլադկո Դրոբարովը սեփական կիսադաշտում անհիմն խաբքի դիմեց, կորցրեց գնդակը, ինչի շնորհիվ Արտակ Օսեյանի սաներն արագ հակագրոհ կազմակերպեցին և Ռազմիկ Հակոբյանի փոխանցումից հետո Կամո Հովհաննիսյանը գրագետ հարվածով գրավեց Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը:

66-րդ րոպեին «Բանանցը» կարողացավ պատասխան գնդակը խփել: Աջ եզրից Հակոբ Համբարձումյանի բարձրից փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Իլանգյոզյանը, ով փոխարինման էր մտել:

Այս ոչ-ոքի կարելի է «Փյունիկի» համար միավորների կորուստ որակել, որովհետև երևանցիներն ընթանում են երկրորդ տեղում և շարունակում են հետապնդել առաջատար «Շիրակին»: «Բանանցը» չի պարտվում երրորդ անընդմեջ պաշտոնական խաղում, ինչը նրա հետ ընթացիկ առաջնությունում չէր պատահել: Արթուր Ոսկանյանի թիմն ունի 15 միավոր և գտնվում է հինգերորդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում