Պաշտոնական. Սթիվեն Ջերրարդն ավարտեց կարիերան (տեսանյութ)

«Լիվերպուլի» ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Բախտս բերել է անհավանական զգացմունքներ ունենալ կարիերայիս ընթացքում: Երբ 1998 թվականին՝ 18 տարեկան հասակում, նորամուտս նշեցի «Լիվերպուլի» կազմում, չէի կարող պատկերացնել, թե հաջորդ 18 տարիներին ինչեր կկատարվեն:

Հպարտ եմ, որ «Լիվերպուլի» կազմում ավելի քան 700 խաղ եմ անցկացրել, նրա ավագն եմ եղել ու «Էնֆիլդի» համար կարևոր տիտղոսներ նվաճելու գործում ներդրում ունեցել: Հատկապես այն հանրահայտ ստամբուլյան երեկոյան: Բախտս բերել է նման կարիերա ունենալ, որը չէր լինի առանց ահռելի քանակությամբ մարդկանց աջակցության: 

Ֆուտբոլին դեռ ինչ-որ բան ունեմ տալու, ցանկացած պաշտոնում: Հիմա ցանկանում եմ մտորելու ժամանակ վերցնել, որպեսզի կողմնորոշվեմ առկա առաջարկների միջև: Շուտով իմ ապագայի վերաբերյալ հայտարարություն կանեմ»,- 36-ամյա անգլիացու խոսքերն է մեջբերում «Liverpool Echo»-ն:

Ջերրարդը 1998-2015 թվականների ընթացքում հանդես է եկել «Լիվերպուլում»: Նախորդ 2 տարիներին նա կրում էր «Լոս Անջելես Գելեքսիի» մարզաշապիկը: Անգլիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 114 խաղի:

Կարիերայի ընթացքում «Սի Ջին» մերսիսայդցիների հետ երկու անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, 3 անգամ Անգլիայի լիգայի գավաթակիր, մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Գավաթում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Անգլիայի Սուպերգավաթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում