NBA․ Յուրահատուկ թվեր՝ այսօր կայացած խաղերից (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության այսօր կայացած խաղային օրը մի քանի ուշագրավ իրադարձություններ են գրանցվել:

«Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ հաղթել է «Լեյքերսին», որին 19 օր առաջ պարտվել էր Լոս Անջելեսում: Ընդ որում, «Ուորիորզը» ոչ միայն հաղթել է, այլ իսկական խաղային վրեժ է լուծել: Սթիվ Կերի թիմը վաստակել է 149 միավոր, իսկ մրցակիցն թույլ է տվել հավաքել միայն 106-ը:

Ժամանակակից բասկետբոլում հազվադեպ է պատահում, որ մի թիմը մոտ 150 միավոր վաստակի, այն էլ առանց լրացուցիչ ժամանակի:

Մեկ այլ գերարդյունավետ խաղում գործող չեմպիոն «Կլիվլենդ» 137:125 հաշվով հաղթել է «Պորտլենդին»: Այդ մրցավեճում յուրահատուկ դեպքը գրանցվել է առաջին քառորդում, երբ «Կավալերսի» ծանր հարձակվող Կևին Լավը մեկնարկային 12 րոպեների ընթացքում 34 միավոր է վաստակել: Ամերիկացին այդ ընթացքում 8 հեռահար արդյունավետ նետում է կատարել: Ամբողջ խաղի վերջնահաշվարկում Լավի հաշվին գրանցվել է 40 միավոր:

Մեկ քառորդի ընթացքում վաստակած 34 միավորը NBA-ի պատմության 2-րդ լավագույն արդյունքն է: Ռեկորդը նախորդ տարի գրանցել էր «Գոլդեն Սթյեթի» հարձակվողական ոճի պաշտպան Կլեյ Թոմփսոնը (37 միավոր):

«Գոլդեն Սթեյթ» – «Լոս Անջելես Լեյքերս» հանդիպման ժամանակ մեկ այլ ուշագրավ ցուցանիշ է արձանագրվել: «Ուորորիզի» բասկետբոլիստները 47 արդյունավետ կոմբինացիա են խաղարկել: Վերջին անգամ գրոհների ժամանակ նույնքան արդյունավետ փոխանցումներ կատարվել էր 1991 թվականի նոյեմբերին, երբ թիմային խաղով աչքի էին ընկել «Ֆինիքս Սանզի» բասկետբոլիստները:

Այդ վիճակագրական հաշվարկում ռեկորդը պատկանում է «Միլուոկիին», որը գրանցվել է 1978 թվականի դեկտեմբերին (53):

Հետևեք մեզ նաև Telegram-ում