Չեմպիոնների լիգայի ամենաարդյունավետ խաղերը (տեսանյութեր)

Օրերս «Բորուսսիան» «Լեգիայի» օգնությամբ Չեմպիոնների լիգայի միանգամից մի քանի ռեկորդ սահմանեց։ 

Մեկ խաղում 12 գնդակը մրցաշարի ռեկորդ է։ Ռեկորդ է նաև 7 գնդակն առաջին խաղակեսում: Չենք մոռանում  ամենաարագ 7 գոլի մասին (32 րոպեում) և մեկ թիմի ամենաարագ 5 գնդակի մասին (16 րոպեում): Բացի այդ, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 5 խաղում «Բորուսսիայից» 14 ֆուտբոլիստ է աչքի ընկել․ սա ևս ռեկորդային ցուցանիշ է: Մարկո Ռոյսը ռեկորդ չսահմանեց, բայց մրցաշրջանում առաջին անգամ դաշտ դուրս գալով՝ հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Կարճ ասած՝ եթե երեքշաբթի երեկոյան դիտել եք «Սպորտինգ»-«Ռեալ» հանդիպումը, շատ բան եք կորցրել:

«Բորուսսիա»-«Լեգիա» (8։4) հանդիպումն առիթ է հիշելու մրցաշարի պատմության մյուս արդյունավետ խաղերը։ 

8 գնդակ, «Ռեալ» – «Մալմյո»` 8:0
2015 թվական, խմբային փուլ

Այնքան էլ հին պատմություն չէ ու կարելի է մանրամասները վերհիշել: Կրիշտիանու Ռոնալդուի պոկերը, Բենզեմայի հեթ-տրիկը և Կովաչիչի գնդակը… «Ռեալը» հաղթեց 8:0 հաշվով, բայց Ռաֆա Բենիտեսին հեռացվելու համար ընդամները կես ամիս էր մնացել:

8 գնդակ, «Բայեր» – «Ռոմա»` 4:4
2015 թվական, խմբային փուլ

Նորից  նախորդ խաղարկությունը, և նորից ծանոթ դեմքեր: Ֆանտաստիկ խաղ ստացվեց սյուժեի զարգացման տեսակետից: «Բայերը» արագ առաջ անցավ, արդեն 20-րդ րոպեին Էրնանդեսը դուբլի հեղինակ դարձավ: Դե Ռոսսիի և Միրալեմ Պյանիչի գոլերի շնորհիվ «Ռոման» խաղ վերադարձավ, սակայն 84-րդ րոպեին Կամպլը հաշիվը 3:4 դարձրեց, իսկ 2 րոպե հետո Մեհմեդին հավասարեցրեց այն: «Ռոման» դրանից հետո 1:6 հաշվով պարտվեց «Բարսելոնային», բայց ամեն դեպքում հայտնվեց եզրափակիչ փուլում, իսկ «Բայերը», ԲԱՏԵ-ի դեմ խաղում միավորներ կորցնելով, մնաց երրորդ հորիզոնականում:

 

8 գնդակ, «Ռոմա» – «Բավարիա»`1:7
2014 թվական, խմբային փուլ

Հենց առաջին րոպեներից ամեն ինչ վատ ընթացավ։ «Ստադիո Օլիմպիկոն» չէր լռում, իսկ «գայլերը» մեկը մյուսի հետևից գնդակներ էին բաց թողնում: Իրականում, նրանք վատ չէին սկսել, բայց առաջին գնդակից հետո կորցրին իրենց։ Դե իսկ «Բավարիան» նման թուլությունները չի ներում:

8 գնդակ, «Մանչեսթեր Յունայթեդ»  – «Ռոմա»` 7:1
2007 թվական, 1/4 եզրափակիչ

Բարի երեկո, ձեզ հետ կրկին «Ռոման» է: Հենց այս խաղից հետո շատերը «Ռոմայի» մոտ «հատուկ Չեմպիոնների լիգայի բարդույթ» հայտնաբերեցին:

Որքա~ն վաղուց էր. Էվրան ու Ռոնալդուն դեռ թիմակիցներ էին, Գիգզն ու վան դեր Սարը դեռ պարզապես խաղում էին, իսկ Ալեքս Ֆերգյուսոնը դեռ… Լավ, բավական է: Ռունին արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում էր և նույնիսկ գոլի հեղինակ էր դարձավ: Կրիշտիանուն դուբլ ձևակերպեց, և որքան էլ անսպասելի թվա՝ այդ արդյունքին հասավ նաև Մայքլ Կերիկը: Աչքի ընկան նաև Սմիթն  ու Էվրան։ «Ռոմային» օգնության է հասավ Դե Ռոսսին, բայց նա իր 1 գնդակով թիմի հեղինակությունը փրկել չէր կարող: 

8 գնդակ, «Բարսելոնա» – «Բայեր»՝ 7:1
2012 թվական, 1/8 եզրափակիչ

Բավականին հավասար խաղ ստացվեց, եթե իհարկե մոռանանք Մեսսիին: Եթե չմոռանանք՝ այն ընթացքում, երբ «Բայերի» ֆուտբոլիստները փորձում էին կանգնեցնել մյուսներին, Մեսսին 5 գնդակ խփեց: Ի դեպ, Չեմպիոնների լիգայի պատմության առաջին պենտա-տրիկը: 

8 գնդակ, «Դինամո Զ․» – «Լիոն»՝ 1:7
2011 թվական, խմբային փուլ

Հիմա այս թիմերն ավելի համեստ խաղ են ցուցադրում, իսկ 2011 թվականին անգամ Միշել Պլատինին ստիպված խոսեց հանդիպման մասին ու բոլորին վստահեցրեց, որ դա պայմանավորված չէր: Բանն այն է, որ խելահեղ հաշվով հաղթանակն ու «Այաքսի» զուգահեռ պարտությունը «Լիոնին» դուրս բերեցին եզրափակիչ փուլ:

9 գնդակ, «Վիլյառեալ» – «Օլբորգ»՝ 6:3
2008 թվական, խմբային փուլ

Դանիացիներից 3 գնդակ բաց թողեց երիտասարդ Դիեգո Լոպեսը, ով արդեն հասցրել էր «Ռեալի» պահեստայիններում լինել, իսկ տարիներ անց այնտեղ ուղարկեց Իկեր Կասիլյասին: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:2 հաշվով, բայց փոխարինման դուրս եկած Խոսեբ Լյորենտեն երկրորդ կեսում 3 գնդակ խփեց: Աչքի ընկավ նաև Ռոբեր Պիրեսը: Ֆրանսիացին վատ չխաղաց «Վիլյառեալում» այն տարիներին, երբ MLS կամ Չինաստան տեղափոխվելու տարբերակներ չկային։


9 գնդակ, «Լիոն» – «Վերդեր»՝ 7:2
2005 թվական, 1/8 եզրափակիչ

Տանը 0:3 հաշիվ գրանցելուց հետո «Վերդերը» Ֆրանսիայում խիզախեց երեք հարձակվողով խաղալ: Իզուր, անգամ եթե նրանցից մեկը Միրոսլավ Քլոզեն էր: «Լիոնն» այդ ժամանակ ոչ միայն ուժեղ էր, այլ նաև աստղային թիմ ուներ` Էսյեն, Ժունինյու, Աբիդալ, Վիլտոր, Մալուդա… Վիլտորն ու Էսյենը դուբլի հեղինակ դարձան, իսկ Քլոզեն փոխարինվեց արդեն ընդմիջմանը: Մի քանի տարի շարունակ այդ խաղը եզրափակիչ փուլի վատագույն հանդիպումն էր համարվում:

9 գնդակ, «Պարի Սեն Ժերմեն» – «Ռուսենբորգ»՝ 7:2
2000 թվական, խմբային փուլ

Հիշո՞ւմ եք այդ տարօրինակ մրցաշրջանը, երբ խմբային առաջին փուլից հետո թիմերը ևս մեկ խմբային փուլում հայտնվեցին: Բարեբախտաբար, փորձարկումը շարունակություն չունեցավ: ՊՍԺ-ն այդ խաղում բոլորին զարմացրեց, քանի որ «Ռուսենբորգը» ՉԼ-ի մշտական մասնակից էր, բավականին ամուր թիմ էր ու, վստահաբար, զույգի հետնապահը չէր: Փարիզյան թիմը 3 արագ գնդակ խփեց, ապա արագ թուլացավ ու 2 գոլ բաց թողեց, հետո իրեն հավաքեց ու հաշիվը հասցրեց 7:2-ի:

11 գնդակ, «Մոնակո» – «Դեպորտիվո»՝ 8:3
2003 թվական, խմբային փուլ

Թվում էր` հավերժական ռեկորդ է: Խորվաթ Դադո Պրշոյի պոկերը, «Դեպորտիվոյի» դարպասապահ Խոսե Մոլինի փոխարինումը, Ամավիսկայի և Վալերոնի էմոցիաները, Դիեգո Տրիստանի դուբլը․․․ Ամենաանհավանականն այն է, որ դրանից հետո «Դեպորտիվոն» հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, և միայն Ժոզե Մոուրինյուի «Պորտուն» իսպանացիներին խանգարեց խաղալ եզրափակչում ու էպիկական ռևանշի հասնելու հնարավորություն ունենալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում