Բեկեր․ Նոր մրցաշրջանում Ջոկովիչը մոտիվացիայի հետ կապված խնդիրներ չի ունենա

ATP վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Նովակ Ջոկովիչի մարզիչ Բորիս Բեկերը «CNN»-ին տված հարցազրույցում նշել է, որ սերբ թենիսիստի խաղի մասին խոսելիս պետք չէ մատնանշել միայն վերջին անհաջողությունները և անդրադարձել է համագործակցությունը շարունակելու հավանականությանը։

-Սա բավականին դժվար տարի էր ինչպես Նովակի, այնպես էլ մեր ամբողջ թիմի համար։ Առաջին 6 ամիսները հիանալի էին։ Նովակը վերջապես հաղթեց «Ռոլան Գարրոսում», ինչը նրան թույլ տվեց ամբողջացնել «Մեծ Սաղավարտների» հավաքածուն։ 

Միանգամայն հասկանալի է, որ Նովակը կարող էր մոտիվացիայի հետ կապված խնդիրներ ունենալ։ Եղավ մի պահ, երբ նա չէր հասկանում՝ էլ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս առաջ շարժվել։ Այդ ընթացքում նա ցանկացավ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և ուշադրություն դարձնել թենիսից դուրս կյանքին։

Բոլորը խոսում են, որ վերջին ամիսներին Ջոկովիչը շատ վատ է խաղացել, սակայն պետք չէ մոռանալ, թե տարվա սկզբում նա ինչպիսի հաջողությունների է հասել։ Սա սպորտ է։ Պարզապես պետք է կարողանալ նաև պարտվել և հաղթահարել հիասթափությունները։ Հաջորդ մրցաշրջանում մոտիվացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի։

Բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք մենք շարունակելու ենք համագործակցությունը։ Ես ցանկանում եմ աշխատել Ջոկովիչի հետ, սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ շատ բան նրանից է կախված։ Եթե ինձ ասեին, որ պետք է ընտրեմ մի թենիսիստի և նրա հետ աշխատեմ ամբողջ կյանքում, ես կընտրեի Նովակին։ Այդքան շատ եմ վստահում նրան։

Գուցե լավ է, որ Նովակը պարտվեց Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում։ Ճիշտ է՝ մենք անքուն գիշերներ ունեցանք, ցավ ու հիասթափություն զգացինք, սակայն դա օգտակար կլինի հաջորդ մրցաշրջանի համար,- ասել է Բեկեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում