«Բարսելոնան» մինչև կարիերայի ավարտը գործող պայմանագիր է առաջարկելու Մեսսիին

«Բարսելոնան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Կատալոնական ակումբի ղեկավարությունն իր վերջին նիստի ժամանակ այդ խնդիրը գերակա նպատակ է դարձրել: «Կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն արդեն հեռախոսով բանակցել է արգենտնացու հոր` Խորխե Մեսսիի հետ,- հայտնում է «Sport.es»-ը:

Մեսսի-ավագը ներկա է լինելու «Ռեալի» հետ դեկտեմբերի 3-ին կայանալիք խաղին, որից հետո կողմերը կսկսեն բանակցությունների առաջին փուլը: Կատալոնացիները ցանկանում են աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստին այնպիսի պայմանագիր առաջարկել, որը կգործի մինչև ֆուտբոլիստի կարիերայի ավարտը:

«Բարսելոնան» նոր համաձայնագիր կնքելու համար պատրաստ է ցանկացած միջոց ներդնել: Բանակցությունների ընթացքում Բարտոմեուն կներկայացնի ակումբի զարգացման ճանապարհը, որում Մեսսին հսկայական դերակատարում է ունենալու:

Երկու կողմերն էլ դրական են տրամադրված նոր պայմանագիր կնքելուն, սակայն Մեսսին դեռ վերջնական որոշում չի կայացրել: Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:

Ավելի վաղ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել կարիերան ավարտել իր առաջին թիմում` «Նյուելս Օլդ Բոյզում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում