Պատանեկան հավաքականն ավարտել է առաջին ուսումնամարզական հավաքը

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Արեգ Վաթյանի գլխավորությամբ հայ պատանիներն անցկացրել են մի շարք ստուգողական հանդիպումներ,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Անցկացրած 5 հանդիպումներից 3-ում Հայաստանի ընտրանին հաղթել է մրցակիցներին: 

Արեգ Վաթյանը տեղեկացրել է, որ հավաքին մասնակցել են բացառապես hայաստանաբնակ խաղացողներ.

«Այս տարիքային խմբում ունենք տաղանդավոր տղաներ նաև արտասահմանում, սակայն այս փուլում հավաքականում հանդես են գալիս միայն հայկական թիմերում ելույթ ունեցող խաղացողներ: Եվրոպայի առաջնությունից առաջ կունենանք համալրում նաև արտասահմանից»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականի հուլիսին մասնակցելու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում