ՀՖՖ-ն խիստ պատժամիջոցներ կիրառել «Գանձասար-Կապանի» նկատմամբ

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նիստի ժամանակ որոշվել է.

1.Նոյեմբերի 27-ին կայացած «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղում տանտերերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանին հեռացման (մրցակցին ձեռքով հարվածելու համար) ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, իսկ կապանյան ակումբին տուգանել 100 հազար դրամով:

2. Նույն խաղում մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Գանձասար-Կապանին» տուգանել 150 հազար դրամով: Բացի այդ ակումբին զգուշացնել, որի կրկման դեպքում մարզադաշտը կորակազրկվի:

3. Առաջին խմբի 15-րդ տուրում կայացած «Գանձասար-Կապան-2»-«Փյունիկ-2» խաղում տանտերերի ֆուտբոլիստ Սուրեն Առաքելյանի հեռացման (մրցակցին հարվածելու և հայհոյելու համար) պատճառով կապանյան ակումբին կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 7-րդ և 11-րդ կետերի համաձայն տուգանել 250 հազար դրամով, իսկ ֆուտբոլիստին որակազրկել 8 խաղով:

Հատկանշական է, որ նույն «Գանձասար-Կապան-2»-«Փյունիկ-2» խաղում երևանցիների ֆուտբոլիստ Ռոբերտ Մինասյանին հեռացման (մրցակցին հայհոյելու համար) որակազրկել են ընդամենը 2 խաղով, իսկ «Փյունիկին» տուգանել միայն 50 հազար դրամով:

Կարգապահական նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ։

Լուսանկարը «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջի

Հետևեք մեզ նաև Telegram-ում