Կլասիկո․ Ռամոսի՝ խաղավարտին խփած գոլի շնորհիվ «Ռեալը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Պրիմերայիա 14-րդ տուրի կենտրոնական՝ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղում հաղթող չեղավ։

«Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում թիմերը զգուշավոր ֆուտբոլ ցուցադրեցին՝ խաղին սրություն չհաղորդելով։ Ո՛չ Լուիս Էնրիկեի, ո՛չ Զինեդին Զիդանի սաների դիրքային գրոհներն արդյունավետ չստացվեցին, և թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Նեյմարը տուգանայինից փոխանցում կատարեց Լուիս Սուարեսին, ով էլ հաղթող դուրս գալով Ռաֆայել Վարանի հետ պայքարում՝ գրավեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը։


Խփած գոլից և Անդրես Ինյեստայի՝ Իվան Ռակիտիչի փոխարեն խաղադաշտ դուրս գալուց հետո կատալոնական թիմն ուներ զգալի առավելություն․ հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություններ կորցրեցին Նեյմարը և Լիոնել Մեսսին։

«Բարսելոնայի»՝ իր հնարավորությունները չօգտագործելուց հետո աշխատեց չգրված օրենքը՝ «դու չես խփում, քեզ են խփում»։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 34 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 28 միավորով երկրորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բարսելոնա» – «Ռեալ»՝ 1։1
Գոլերը՝ Սուարես 53՛ – Ռամոս 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում