Գվարդիոլան՝ Ագուերոյի և Ֆերնանդինյոյի պահվածքի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարճ մեկնաբանություն է տվել Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման (1:3) վերջնամասում Սերխիո Ագուերոյի և Ֆերնանդինյոյի ստացած կարմիր քարտերի վերաբերյալ։

Արգենտինացի հարձակվողը խաղադաշտից հեռացվեց Դավիդ Լուիսի նկատմամբ կանոնների կոպիտ խախտման պատճառով, իսկ Ֆերնանդինյոն՝ Ֆաբրեգասի հետ «հարաբերություններ պարզելու»։

-Կարծում եմ՝ Ագուերոյի գործողություններով միտումնավոր ոչինչ չկար։ Լուիսն ընկնում էր, իսկ Սերխիոն ընթացքի մեջ հարվածեց նրա ոտքին։ Ինչ վերաբերվում է Ֆերնանդինյոյին՝ նա պարզապես ցանկանում էր պաշտպանել իր թիմակիցներին,- Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հավելենք, որ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ագուերոն մրցաշրջանի ընթացքում կոպիտ խաղի պարբերական կրկնության պատճառով կարող է որակազրկվել հավելյալ 4 խաղով, իսկ Ֆերնանդինյոն՝ 3։ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան այս կապակցությամբ դեռևս հաղորդագրություն չի տվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում