Ինչպե՞ս է Զիդանը լուծում վնասվածքներից առաջացած խնդիրները

Գարեթ Բեյլի վնասվածքը դեռևս վերջին խնդիրն է, որը պետք է լուծի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

Մրցաշրջանի մեկնարկից առաջ վնասվածքներ ստացան Կեյլոր Նավասը, Պեպեն, Կարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդուն, Կազեմիրոն, ով շարք վերադառնալուց կարճ ժամանակ անց կրկին վնասվածք ստացավ։ Մադրիդյան ակումբի հիվանդասենյակում հայտվեցին նաև Լուկա Մոդրիչը, ով ծնկի վիրահատության ենթարկվեց, ավագ Սերխիո Ռամոսը, հարձակվող Ալվարո Մորատան, մեկ այլ առանցքային ֆուտբոլիստ՝ Թոնի Կրոսը ոտնաթաթի կոտրվածք ստացավ․․․ Մինչև Զիդանը փորձում է լուծում գտնել մեկ խնդրին, վնասվածք է ստանում մեկ այլ ֆուտբոլիստ․ հիմա էլ Գարեթ Բեյլն է «որոշել» հետ չմնալ թիմակիցներից։

Այս ընթացքում Զիդանը տակտիկական փոփոխություններ է կատարել և կազմը ռոտացիայի է ենթարկել։ 4-3-3, 4-2-4, 4-2-3-1 և 4-4-2 դասավորությունների արդյունքում խաղաժամանակ են ստացել առաջին թիմի բոլոր ֆուտբոլիստները։ 

Կիկո Կասիլյան Կեյլոր Նավասի փոխարեն

Նավասը վնասվածքի պատճառով բաց թողեց նախամրցաշրջանային փուլը, ինչը որոշ չափով բացատրում է նրա՝ ընթացիկ մրցաշրջանում նախորդի համեմատ ոչ փայլուն խաղը։ Նավասի բացակայության պայմաններում ոչ մի արտասովոր բան տեղի չունեցավ․ Զիդանը վստահեց Կիկո Կասիլյային, ով մասնակցեց այս մրցաշրջանում «Ռեալի» առաջին 6 հանդիպումներին։ 

Պեպեի փոխարեն Ռաֆայել Վարանը

Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Պեպեն պատրաստ էր այս մրցաշրջանում «Ռեալի» երրորդ խաղին։ Այդ ընթացքում կենտրոնում Սերխիո Ռամոսի հետ խաղաց Ռաֆայել Վարանը։ Հետագայում ևս Զիդանը պարբերաբար վստահեց հայրենակցին, իսկ «Ալավեսի» հետ խաղում Պեպեն կրկին վնասվածք ստացավ։

Ալվարո Մորատան Կարիմ Բենզեմայի փոխարեն

Բենզեման հասցրել է մի քանի վնասվածք ստանալ, իսկ այդ ընթացքում շանս է ստացել հարազատ ակումբ վերադարձած Մորատան։ Հիմա իսպանացին է ապաքինվում վնասվածքից, իսկ Բենզեման, ում ընթացիկ մրցաշրջանում քննադատությունների մեծ բաժին է հասնում, հայտվում է մեկնարկային կազմում։

Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը՝ հնարավորություն Մարկո Ասենսիոյի համար

Պորտուգալացի ռմբարկուի բացակայության ընթացքում Զիդանը վստահեց Մարկո Ասենսիոն, ով մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ մրցաշրջանի առաջին, երկրորդ և չորրորդ խաղերում։ Պետք է խոստովանել, որ 20-ամյա ֆուտբոլիստը պատվով կատարեց առաջադրանքը։

Կազեմիրոյի բացակայությունը՝ տանջանք բոլորի համար

Երբ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում Կազեմիրոն վնասվածք ստացավ, Զիդանը սկսեց օգտագործել 4-2-3-1 դասավորությունը՝ Կրոսի ու Մոդրիչի միասնական խաղով։ Մոդրիչի վնասվածքից հետո Զիդանը հնարավորություն տվեց Մատեո Կովաչիչին, Իսկոյին, Խամես Ռոդրիգեսին և Մարկո Ասենսիոյին։ Օրինակ՝ «Լեգիայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում Զիդան օգտագործեց Կրոս-Կովաչիչ-Իսկո կիսապաշտպանական եռյակին, սակայն խաղի ընթացքում դասավորությունը պարբերաբար փոխվեց 4-2-4-ի՝ կենտրոնում մնացին միայն Կովաչիչն ու Կրոսը։ Դա իր հերթին հանգեցրեց նրան, որ Լուկաս Վասկեսը սկսեց եզրում փոքր-ինչ ավելի խորքից խաղալ։

Ռամոսի բացակայությունը հանգեցնում է Պեպե-Վարան համագործակցությանը

Ռամոսի վնասվածքից հետո Պեպեն և Վարանը մասնակցել են Իսպանիայի առաջնության 6 հանդիպման, Չեմպիոնների լիգայի՝ 2, Գավաթի խաղարկության՝ 1։ Հետո Պեպեն կրկին վնասվածք ստացավ, իսկ Զիդանը պաշտպանության կենտրոնը սկսեց վստահել Վարան-Նաչո երիտասարդ զույգին։ Սերխիո Ռամոսի վերադարձը Զիդանի խնդիրները պակասեցրեց մեկով։

Իսկոն և Մատեո Կովաչիչը նոր կապ են կազմում

Լուկա Մոդրիչի բացակայության ժամանակ Իսկոն և Կովաչիչը խաղացին Թոնի Կրոսի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Կրոսն ու Մոդրիչը միասին խաղացել են 5 անգամ։ Մոդրիչի ապաքինումից և Կրոսի վնասվածքից հետո Զիդանը սկսեց վստահել երկու խորվաթներին՝ օգտագործելով 4-4-2 դասավորությունը։ Այս դասավորությամբ «Ռեալը» խաղաց «Ատլետիկոյի» դեմ (Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր), իսկ Իսկոն շատ ավելի մոտ էր հարձակման գծին և բավականին տպավորիչ հանդիպում անցկացրեց։

Գարեթ Բեյլի վնասվածքը՝ հնարավորություն Լուկաս Վասկեսի համար

Նախքան Գարեթ Բեյլի վնասվածք ստանալը Զիդանն ուելսեցուն խաղադաշտից հանելու դեպքում միշտ նրա փոխարեն հնարավորություն էր տալիս Լուկաս Վասկեսին։ Հիմա Վասկեսը ոչ թե փոխարինող է, այլ, մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, հավանաբար, մինչև ապրիլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում