Հենրիխ Մխիթարյան․ Գիտեմ՝ ինչպես կարող եմ օգնել թիմին

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խոսելով ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային հատվածում խաղաժամանակ չստանալու մասին, նշել է, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ որևէ խնդիր չի եղել։

-Ես երբեք վատ հարաբերություններ չեմ ունեցել մարզչի հետ։ Մեր հարաբերություններն ի սկզբանե լավ են եղել։ Խնդիրը ոչ թե Ժոզե Մոուրինյուի մեջ էր, այլ իմ։ Հիմա հասկանում եմ, թե ինչու եմ սկսել խաղաժամանակ ստանալ և բաց չեմ թողնելու այս հնարավորությունը, քանի այն իսկապես կարևոր է ինձ համար։ Շատ եմ ցանկանում դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասնիկը։ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո տեսա, որ 25 ֆուտբոլիստ պայքարում է իր տեղի համար։ Այդ ժամանակ հասկացա, որ հեշտ չի լինելու։

Մրցաշրջանի սկզբում «Մանչեսթեր Սիթիի» դեմ վատ խաղացի, սակայն դա արդեն անցյալում է։ Դրանից հետո շատ եմ աշխատել նոր հնարավորություն ստանալու համար։ Իսկապես երկար ճանապարհ անցա նախքան խաղալը։

Հույս ունեմ՝ այսուհետ կանոնավոր խաղաժամանակ կստանամ, դա ինձ համար շատ կարևոր է։ Դրա համար կանեմ հնարավոր ամեն ինչ։ Մարզիչն ընտրության մեծ հնարավորություն ունի․ իմ դիրքում կարող է 5-6 ֆուտբոլիստ խաղալ, բայց ես գիտեմ, թե ինչ սխալներ եմ թույլ տվել անցյալում և ինչպես պետք է լավ խաղամ ապագայում։ Հիմա ես գիտեմ՝ ինչպես կարող եմ օգնել թիմին,- ասել է Մխիթարյանը «Sky Sports News»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում