Ռամոս․ Զիզուն կախարդում է մեզ

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գովաբանել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, խոսել է «Բարսելոնայի» խաղի մասին և ընդգծել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թիմի համար ունեցած կարևորությունը։

-Զիզուի կախարդում է մեզ։ Նրա շնորհիվ թիմը դինամիկ առաջընթաց է գրանցում, մեզ մոտ ներդաշնակ մթնոլորտ է։ Ուրախ եմ, որ հենց Զիդանն է գլխավորում «Ռեալը»։ Նրա գլխավորությամբ բոլորս տքնաջան աշխատում ենք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։

Վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալը և Կլասիկոյում գոլ խփելը շատ հաճելի է։ Եվ քանի որ գոլը խփեցի «Կամպ Նոուում», այն միշտ կմնա իմ հիշողությունում։ Չնայած մրցաշարային աղյուսակի դրությանը՝ չենք պատրաստվում ժամանակից շուտ տոնել։ Մրցաշրջանի մեծ մասը դեռ առջևում է։ Երկու տարի առաջ մենք հունվարին անկում ունեցանք, իսկ մրցակիցներն օգտվեցին դրանից։ Նույն սխալները չպետք է կրկնենք։

Կրիշտիանուն հիանալի անցկացրեց նախորդ մրցաշրջանը, հաղթեց Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի առաջնությունում, իսկ հիմա շարունակում է մոտիվացիա հաղորդել բոլորիս։ Նա մեր ակումբի պատմության ամենակարևոր ֆուտբոլիստներից է։ Հիանալի է, որ միասին ենք խաղում,- Ռամոսի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում