Արմեն Պետրոսյանն ընդգրկվել է «Գանձասար-Կապանի» մարզչական շտաբում

«Գանձասար-Կապանի» 31-ամյա արդեն նախկին կիսապաշտպան Արմեն Պետրոսյանը նոր պաշտոն ունի․ նա ընդգրկվել է Աշոտ Բարսեղյանի մարզչական շտաբում։

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Պետրոսյանն իր մեկնաբանությունն է տվել։

– Ինչպե՞ս կայացրիր նման որոշումը։

-Ճիշտն ասած, ինձ առաջարկեցին, որ անցնեմ մարզչական գործունեության։ Մի փոքր դժվար էր նման որոշում կայացնելը, բայց վերջը սա էր լինելու։«Գանձասար-Կապանն» ինձ համար հարազատ թիմ է։ Այո, կարող էի շարունակել խաղալը, փառք Աստծո ոչ մի վնասվածք, ոչ մի խնդիր չունեի։ Ամբողջ կարիերայիս ընթացքում ոչ մի վնասվածք չեմ ստացել։ Ուզեցի հենց այդ մակարդակի վրա էլ ավարտել։ Մարզչական գործունեությունն ինձ շատ հարազատ եմ համարում։ Տա Աստված, որ ամեն ինչ ընթանա լավ հունով։

-Դու այս ֆուտբոլիստների հետ խաղացել ես, հիմա նրանց մարզելու ես։ Կստացվի՞։

-Բնականաբար, կստացվի, որովհետև թիմում բոլորն էլ հասուն տղաներ են, բոլորս էլ փորձառու ենք և խելացի։ Ես թիմակիցներիս հետ ընկեր եմ եղել, և այդ ընկերությունը շարունակվելու է։ Ինձ թվում է, որ ամեն ինչ ընթանալու է բնականոն հունով, ոչ մի խնդիր չենք ունենալու։ Սկզբնական շրջանում բնական է, դժվարություններ կլինեն, վերջիվերջո ինձ համար էլ է անսովոր, բայց ես շատ ուրախ եմ, որ այս թիմում եմ և այս տղաների հետ եմ։ Ինձ ամեն ինչ գոհացնում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում