Բեկերն այլևս չի մարզելու Ջոկովիչին

Աշխարհի երկրորդ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր տեղեկացրել է, որ Բորիս Բեկերն այլևս իր մարզիչը չէ:

«Բորիս Բեկերի հետ երեք գերհաջող տարիներից հետո փոխադարձ որոշել ենք դադարձեցնել համագործակցությունը: Մենք հասանք բոլոր նպատակներին, որոնք մեր առջև դրել էինք համատեղ աշխատանքի սկզբում: Շնորհակալ եմ նրան աջակցության, թիմային աշխատանքի, ինքնազոհության և մեր գործին նվիրվածության համար»,- սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում գրել է սերբ թենիսիստը:

Հիշեցնենք, որ «Մեծ Սաղավարտի» մրցաշրարերի վեցակի չեմպիոն Բեկերը Ջոկովիչի մարզչական շտաբ էր մտել 2013 թվականի վերջում, երբ սերբն աշխարհի առաջին ռակետի կոչումը զիջել էր Ռաֆայել Նադալին: Գերմանացու գլխավորությամբ 29-ամյա թենիսիստը «Մեծ Սաղավարտի» 6 տիտղոս է նվաճել, այդ թվում «Ռոլան Գարրոսը», որը նրան նախկինում չէր հաջողվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեկերը չի ցանկանում Ջոկովիչի շտաբում աշխատել, քանի դեռ չի կրճատվել հոգևոր գուրու Պեպ Իմազի դերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում