Պակիստանում կործանվել է Pakistan International Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը

Pakistan International Airlines ավիաընկերության մարդատար տուրբինապտուտակավոր ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Չիթրալ-Իսլամաբադ երթուղով, կործանվել է Պակիստանի հյուսիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Geo.tv հեռուստաալիքը՝ հղում անելով Իսլամաբադի Բենազիր Բհուտոյի անվան միջազգայ ին օդանավակայանի վարչակազմին:

Օդանավում եղել են 47 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:

«Չիթրալից թռիչքից մեկուկես ժամ անց օդանավի հրամանատարը SOS ազդանշան Է տվել, եւ դրանից անմիջապես հետո նրա հետ կապն ընդհատվել է»,- լրագրողներին հայտնել է օդանավակայանի դիսպետչերական ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ աղետի ազդանշանի ստացման պահին օդանավը թռչում էր Խավելիան բնակավայրի (Հայբեր Փահթունհվա նահանգի Աբոտաբադի շրջան) վրայով: Նաեւ հայտնի է դարձել, որ արդեն կան ականատեսներ, որոնք հրդեհ են տեսել ինքնաթիռի անկման ենթադրյալ վայրում:

Պակիստանյան բանակի հրամանատարությունը կարգադրել է փրկարարներ ուղարկել ավիաաղետի ենթադրյալ շրջան: Տեղի ունեցածի կապակցությամբ Իսլամաբադի օդանավակայանում սկսել է թեժ գիծ աշխատել պատահարի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում