ԵԼ․ Հենրիխ Մխիթարյանի հրաշալի գոլն օգնեց «Ման․ Յունայթեդին» հաղթել «Զարյային» և դուրս գալ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Զարյային»։

Օդեսայի «Չեռնոմորեց» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում «կարմիր սատանաներն» ունեին զգալի առավելություն, ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն հարձակման գծին պակասում էր սրությունը։

Թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Ալեքսանդր Կարաևը դաշտի կենտրոնում կորցրեց գնդակը, իսկ Հենրիխ Մխիթարյանն օգտվեց մրցակցի սխալից և գրավեց Իգոր Լևչենկոյի պաշտպանած դարպասը։ Խաղավարտին մոտ՝ 88-րդ րոպեին, հյուրերի առավելությունը կրկնապատկեց Զլատան Իբրահիմովիչը։

Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային կազմում և միայն 85-րդ րոպեին խաղադաշտումը տեղը զիջեց Ֆոսու-Մենսային։

A խմբի մյուս խաղում «Ֆեներբախչեն» Մուսա Սոուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ «Ֆեյենորդի» նկատմամբ։ 

Այսպիսով, 6 խաղի արդյունքում «Ֆեներբախչեն» վաստակեց 13 միավոր և գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Յունայթեդը» փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով (12 միավոր), «Ֆեյենորդը» մնաց 7 միավորով, իսկ «Զարյան»՝ 2։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

«Զարյա» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2
Գոլերը՝ Մխիթարյան 48՛, Իբրահիմովիչ 88՛

«Ֆեյենորդ» – «Ֆեներբախչե»՝ 0։1
Գոլը՝ Մուսա Սուսո 22՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում