Հենրիխ Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է չեմպիոն դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Անգլիայի առաջնությունում չեմպիոն դառնալու հեռանկարներից: Պրեմիեր լիգայի 14 տուրից հետո «կարմիր սատանաները» 13 միավորով զիջում են առաջատար «Չելսիին»:

«Երբեք մի ասա երբեք, ամեն ինչ հնարավոր է: Հիշում եմ՝ ինչպես մի քանի տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով գերազանցում էր «Մանչեսթեր Սիթիին», սակայն արդյունքում կորցրեց տիտղոսը: Այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է:

Մենք պետք է սկսենք հաղթել և դադարենք ոչ-ոքիներ խաղալ. դա է ամենակարևոր խնդիրը: Միշտ շատ ցավալի է խաղավերջում պարտվել կամ ոչ-ոքի խաղալ, բայց մենք պետք է ընդունենք մեր սխալները և առաջ շարժվենք:

Երբ հանդիպման ընթացքում հաշվի մեջ առաջ եք, պետք է ճնշեք մրցակցին: Մեր ֆուտբոլիստները գիտակցում են իրենց սխալները, ես նույնպես: Պետք է ամբողջական թիմ լինենք, այդ ժամանակ արդյունքները կգան:

Գիտեմ՝ ինչպիսի ճնշում է գործադրվում «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Մարդիկ մեզանից միայն հաղթանակներ, տիտղոսներ են սպասում: Եթե ես դրան պատրաստ չլինեի, այստեղ չէի լինի»,- «Sky Sports»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի ավագը:

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 2012-13թթ․ մրցաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում