«Նա մեր մասնագիտությանն արժանապատվություն է հաղորդել». Գվարդիոլան՝ իր կուռքի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել Մարսելո Բիելսայի հասցեին և հույս է հայտնել, որ արգենտինացին շուտով կվերադառնա մարզչական աշխատանքին:

«Բիելսան իմ կուռքերից մեկն է: Նա ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե: Բիելսան մեր մասնագիտությանն արժանապատվություն է հաղորդել: Նա հարգում է իր գործընկերներին, հավատարիմ է մնում իր խաղաոճին ու հիանում է իր ֆուտբոլիստներով: Նա փայլուն կերպով ծանոթ է լինում իր սաների ունակություններին: Բիելսան ազնիվ է ու անվրդով: Նա արժանի է միշտ ուշադրության կենտրոնում լինելուն և որևէ թիմ մարզելուն»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում SFR-ն:

Արգենտինայի ու Չիլիի հավաքականների, ինչպես նաև «Ատլետիկի» ու «Մարսելի» նախկին մարզիչը մեկ տարուց ավելի է՝ ոչ մի թիմ չի գլխավորել: Ամռանը 61-ամյա մասնագետը պայմանագիր էր կնքել «Լացիոյի» հետ, սակայն 2 օր անց խզել էր համաձայնագիրը՝ ակումբի նախագահի կողմից խոստացված ֆուտբոլիստների տրանսֆերները չգնելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում