Մոուրինյու․ «Տոտենհեմը» հրաշալի է խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Տոտենհեմին»։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարդ հանդիպում է ակնկալում։

-Դժվար է լինելու։ «Տոտենհեմը» հիանալի կազմ ունի։ Վերջին շաբաթների ընթացքում «Տոտենհեմը» լինելու է առաջին թիմը, որը մեզ հետ խաղում փորձելու է գնդակի տեղաշարժի վերահսկողություն սահմանել։ Շատերը մեզ հետ խաղում են «երկրորդ համարով», սակայն դա ոճ չենք կարող համարել։

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները հրաշալի են խաղում, նրանք ձգտում են առավելություն ունենալ։ Կարծում եմ՝ «Չելսիի» հետ խաղի առաջին կեսում նրանք հրաշալի հանդես եկան։ Պոչետինոն լավ մարզիչ է և գիտի՝ ինչ է ուզում։ Նա մեկ-երկու տարվա ընթացքում լավ թիմ ստեղծեց։ Լավ մարզչի գլխավորությամբ լավ ֆուտբոլիստներն արդյունավետ են հանդես գալիս,- ասել է Մոուրինյուն։

Պորտուգալացի մասնագետը նաև նշել է, որ իր թիմից ավելի շատ գոլեր է ակնկալում։

-Հաշվի առնելով մեր ցուցադրած խաղը՝ խփած գոլերի քանակը բավարար չէ։ Երբ Պրեմիեր լիգայի միջակ թիմերի դեմ ենք խաղում, որպես կանոն հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում մրցակցի դարպասապահը։ Մեզ հետ խաղերում մրցակիցները լավ են պաշտպանվում,- Մոուրինյուի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 11-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 18։15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում