Գվարդիոլա․ Եթե հնարավորություն ունենայի, կխաղայի 11 կիսապաշտպանով

Օրերս «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն տուգանվել էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։ «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ նման դեպքերն իր համար վճռորոշ նշանակություն չունեն ֆուտբոլիստին խաղաժամանակ տալու հարցում։

-Յայայի հետ խոսել եմ այդ թեմայով։ Նա բացատրել է տեղի ունեցածը։ Ես նրան վստահում եմ և մեկնարկային կազմ եմ ընտրում՝ առաջնորդվելով ֆուտբոլիստների՝ խաղադաշտում ցույց տված պահվածքից։

Յայան պատրաստ է խաղադաշտ դուրս գալ։ Ես սիրում եմ կիսապաշտպաններին և եթե հնարավորություն ունենայի, կխաղայի 11 կիսապաշտպանով։ Տուրեն կլիներ նրանց թվում,- Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հավելենք՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելու է «Լեսթերին»։ Խաղը կայանալու է դեկտեմբերի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։30-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում