Բորանյանը և Ֆրանգուլյանը կպայքարեն չեմպիոնի կոչման համար

Բորանյանը և Ֆրանգուլյանը կպայքարեն չեմպիոնի կոչման համար

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմեկնարկի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը գորգ դուրս կգան ազատ ոճում 61 կգ քաշային ըմբիշները, հունահռոմեական ոճում՝ 71 կգ քաշայինները։

61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է 2015թ․ Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը։ Երեկ կայացած վիճակահանության արդյունքում հայտնի է դարձել, որ Վալոդյան պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի իրանցի Բեհնամ Էհսնապուրը։

Վալոդյան ու իրանցի ըմբիշը չեն հանդիպել, սակայն Բեհնամ Էհսնապուրը վերջին երկու տարիների Ասիայի փոխչեմպիոնն է և 2 տարի էլ եզրափակչում զիջել է ղազախ Դաուլետ Նիազբեկովին։ Ղազախ ըմբիշը նույնպես մասնակցում է այս առաջնությանը, սակայն մրցաշարային աղյուսակի մյուս ենթախմբում է և հայ ըմբիշը նրան կարող է հանդիպել միայն եզրափակիչ մտնելու դեպքում։

Եթե Ֆրանգուլյանը հաղթահարի իրանցի ըմբիշի արգելքը, քառորդ եզրափակչում կհանդիպի Ժոզեֆ Մոլնար (Հունգարիա) – Շինգո Արիմոտո (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ։ Վերջին երկու ըմբիշներն առանձնապես աչքի չեն ընկել միջազգային ասպարեզում, բայց պետք է հաշվի առնել, որ առաջնությունն անցկացվում է Հունգարիայում և կարող է գործել տնային հարկի տակ հանդես գալու գործոնը, իսկ ճապոնացի ըմբիշները միշտ էլ թաքնված ֆավորիտ են լինում։

Վալոդյա Ֆրանգուլյանի հետ նույն ենթախմբում են հայտնվել նաև 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդլակիր ուկրաինացի Վասիլի Շուպտարը, ով պայքարը կսկսի 1/8 եզրափակչից , նրա մրցակիցը 2015 թ. Բաքվի գրան-պրիի արծաթե մեդալակիր ամերիկացի Լոգան Ստիբերին է։ Մյուս զույգը կազմել են Ահմադ Չակաևը (Ռուսաստան) և Դիմիտար Իվանովը (Բուլղարիա)։

Ահմադ Չակաևը 2014,2015 թվականների Ռուսաստանի առաջնության բրնոզե մեդալակիր է, 2015,2016 թվականների Իվան Յարիգին մրցաշարի մրցանակակիր։ Ի դեպ ռուս ըմբիշը հանդես էր գալիս 65 կգ քաշային կարգում և վերջերս է ելույթ ունենալ ավելի թեթև ՝ 61 կգ քաշային կարգում։ Նա 61 կգ քաշային կարգում հաղթել է 5 միաջազգային մրցաշար (այդ քաշային կարգում անցկացրել է 27 գորտեմարտ և պարտվել ընդմանենը մեկում), որոնցից մեկն այս տարի Ստեփան Սարգասյանի գավաթ խաղարկությունը։ Հենց այդ մրցաշարի ժամանակ Չակաևն առաջին գոտեմարտում հանդիպեց Վալոդյա Ֆրանգուլյանին և 10։0 հաշվով վաղաժամ հաղթանակ տարավ։

Այսպիսով, հայ ըմբիշին բաժին է ընկել բավականին բարդ վիճակահանություն, եթե նա կարողանա հաղթել այս ենթախմբում, ապա եզրափակչում մյուս ենթախմբից նրա դեմ կարող են պայքարել Ադրբեջանը ներկայացնող Ահմեդնաբի Գվարզատիլովը, ում Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթել է Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 6։0 հաշվով, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Բեկա Լոմտաձեն, Ասիայի կրկնակի չեմպիոն Դուլատ Նիազբեկովը՝ Ղազախստան, 2016 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն բելառուս Գեորգի Կոլիևը, 2014 թվականի ասիական խաղերի մրցանակակիր հնդիկ Բաջրանգ Բաջրանգին, մոլդովացի Անդրեյ Պերեպալնիցան և մոնղոլ Տուվշինտուլգա Տումենբիլեգին։

Վարշամ Բորանյան

Ի տարբերություն Վալոդյա Ֆրանգուլյանի՝ Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը նույնպես իրանցի Աֆշին Բյաբանգարդն է, ով այս տարվա Ասիայի առաջնության չեմպիոնն է։

Եթե հայ ըմբիշը հաղթի մրցակցին, ապա 1/8 եզրափակչում կհանդիպի 2015 թ․ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն մոլդովացի Դանիել Կատարագային։ Բորանյանի ենթախմբում են հայտնվել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ադամ Կուռակը (2015 թվականի ԱԱ-ում նա հանդես է եկել 66 գ քաշային կարգում և 3-րդ տեղի համար պայքարում կասկածելի մրցավարության արդյունքում առավելության հասել Միհրան Հարությունյանի նկատմամբ), 2010 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Հաջի Ալիևը (Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում 66 կգ քաշային կարգ պարտվել է Միհրան Հարությունյանին)։ Այս Եվրոպայի առաջնությանն ադրբեջանցի ըմբիշը 71 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։

Մյուս ենթախմբից կարելի է առանձնացնել սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին, ով այս տարի Եվրոպայի առաջնության ժամանակ եզրափակչում զիջեց Վարշամ Բորանյանին։

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում