Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակը»

Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակը»

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ֆրանս ֆուտբոլ» («France Football») հեղինակավոր պարբերականի վարկածով ճանաչվեց 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ և արժանացավ կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակին»։ 

Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու (16 գոլ), իսկ ամռանը Պորտուգալիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունում: Ռոնալդուին մրցանակը հանձնել էին նախապես, քանի որ այժմ նա Ճապոնիայում է, որտեղ «Ռեալը» մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով այս մրցանակը ստացել է ռեկորդային՝ 5 անգամ, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվել է աշխարհի տարբեր երկրների մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: Հայաստանից քվեարկությանը մասնակցել է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ով նախապես առանձնացված 30 ֆուտբոլիստների եռյակի ընտրությունը կատարել է հետևյալ կերպ` 1. Կրիշտիանու Ռոնալդու, 2. Լիոնել Մեսսի, 3. Անտուան Գրիզման:

Հիշեցնենք, որ 2010-2015թթ․ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունն անցկացվում էր ՖԻՖԱ-ի հետ համատեղ և կոչվում էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» (FIFA Ballon d’Or): Այս տարի համագործակցությունն ավարտվել է, և «Ֆրանս ֆուտբոլը» կրկին ինքնուրույն է անցկացնում մրցանակաբաշխությունը, իսկ ՖԻՖԱ-ն առանձին մրցանակաբաշխություն է կազմակերպում, որի թեկնածուներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում