Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ ակնկալել 1/8 եզրափակչից

Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ ակնկալել 1/8 եզրափակչից

Նախկին «սերուցքայինները» կվերադառնան «Սանտյագո Բեռնաբեու», «Արսենալը» կայցելի հին բարեկամին, Էնրիկեն ու Էմերին կրկին կհանդիպեն․․․ Հասկանանք՝ ի՞նչ կարելի է ակնկալել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից։

«Մանչեսթեր Սիթի» – «Մոնակո»

«Մոնակոն» կարգով զիջում է մրցակցին, բայց Ֆալկաոն և նրա թիմակիցները կկարողանան Կլաուդիո Բրավոյի համար դժվարին իրավիճակներ ստեղծել: Ռադամելը վերջին ամիսներին նորից վագրի կարգավիճակում է. նրա անվան դիմաց 10 գնդակ կա, 2 գոլային փոխանցում՝ Լիգա 1-ի 10 հանդիպման արդյունքում: «Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության 17 տուրում 53 գոլ է խփել, իսկ այս ցուցանիշով երկրորդ տեղում «ՊՍԺ»-ն է (32 գոլ): Ահա, թե ինչ է պետք իմանալ ֆրանսիական թիմի հարձակվողական ուժի մասին:

«Բավարիա» – «Արսենալ»

«Արսենալն» էլ ի՞նչ անի, որ 1/8 եզրափակչում թոփ-ակումբի չհանդիպի: Վենգերի թիմը խմբային 6 խաղերում բավականին տպավորիչ հանդես եկավ, առաջին տեղի համար պայքարում շրջանցեց «Պարի Սեն Ժերմենին»: Թվում էր՝ այսքանից հետո լավ վիճակահանությունը պետք է երաշխավորված լինի, բայց չի փրկում անգամ առաջին հորիզոնականը․ «Արսենալը» կխաղա «Բավարիայի» հետ։

Մյուս կողմից՝ լոնդոնցիները պայքարը շարունակելու լավ հնարավորություն ունեն: Մյունխենյան թիմն այս մրցաշրջանում չի փայլում կայունությամբ, իսկ Վենգերը բավականին ուժեղ կազմ է հավաքել ու մրցակցի աստղերին հավասար ֆուտբոլիստներ ունի: Բացի այդ, պատասխան հանդիպումը կայանալու է Լոնդոնում, իսկ Մերտեսակերը, Օզիլն ու Ջական «Բավարիայի» դեմ խաղալու մեծ փորձ ունեն։

«Բենֆիկա» – «Բորուսսիա Դորտմունդ» 

«Բենֆիկան» 1/8 եզրափակչում իր նոր սերնդի տաղանդը ներկայացնելու հիանալի հնարավորություն կունենա: Գուեդեշը, Սերվին, Սեմեդուն, Գրիմալդոն, Օրտան ու Լինդելոֆը հիանալի համադրություն են կազմում Ժարդելի, Սալվիոյի ու Պիցիի հետ: «Բորուսսիայի» համար հակառակորդն անանցանելի չի թվում, սակայն Թոմաս Տուխելի համար սա առաջին փորձն է եզրափակիչ փուլերում և հայտնի չէ, թե նա ինչպես գլուխ կհանի: Թե՛ «Բորուսսիան», թե՛ «Բենֆիկան» հարձակողական ֆուտբոլ ցույց տվող թիմեր են: Խմբային փուլում նրանք համապատասխանաբար 9 և 10 գնդակ են բաց թողել, ուստի այս թիմերի հանդիպումը կարող է դառնալ 1/8 եզրափակչի ամենաարդյունավետ խաղը:

«Ռեալ» – «Նապոլի»

«Ռեալը» կարող է առանձնապես չանհանգստանալ 1/4 եզրափակիչ դուրս գալու համար: Իհարկե, «Նապոլին» ուժեղ թիմ է, Մաուրիցիո Սարրին էլ գրագետ մասնագետ, բայց նեապոլցիներն այս մրցաշրջանում հատուկ տպավորություն չեն թողնում: Առաջին տեղով խմբային փուլից դուրս գալը մեծ հաշվով քառյակի թուլության արդյունք է: Դրա համար էլ 1/8 եզրափակչում որևէ անակնկալի սպասել չարժե: Այստեղ պետք է նշել Կալյեխոնի ու Ալբիոլի՝ «Սանտյագո Բեռնաբեու» վերադառնալու մասին: Նույնը կարելի է ասել նաև «Բարսելոնայի» սան Պեպե Ռեյնայի մասին, ում համար «Ռեալի» հետ հանդիպումը դեռ շարունակում է յուրահատուկ մնալ: Սարրին լավ կանի՝ զանգահարի Ռաֆայել Բենիտեսին, ով երկու թիմի հետ էլ աշխատել է: Ռաֆան երևի ասելիք կունենա․․․

«Յուվենտուս» – «Պորտու»

«Յուվենտուսը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայում «Պորտուին» հանդիպել է 2001 թվականի խմբային փուլում: Դրանից հետո շատ ջրեր են հոսել, փոխվել են թիմերի կազմերը: Այդ տեսանկյունից «Յուվենտուսը» միանշանակ ֆավորիտ է՝ Իգուային, Դիբալա, Պյանիչ: «Պորտուն» նման ֆուտբոլիստներ չունի: «Վիշապներն» իրենցը կարող են ստանալ տան պատերի շնորհիվ. թիմը խմբային փուլում «Դրագաուի» պատերի ներքո չի պարտվել: Նունու Էսպիրոսա Սանտուն իր տրամադրության տակ տաղանդավոր ու բազմապրոֆիլ ֆուտբոլիստներ ունի՝ ի դեմս Յասին Բրաիմի, Անդրե Սիլվայի, Միգել Լայունի և Խեսուս Կորոնի, ովքեր ցանկացած մրցակցի դեմ խաղում ինչ-որ հետաքրքիր բան կարող են մտածել։ Չենք մոռանում նաև Իկեր Կասիլյասի ու Ջանլուիջի Բուֆֆոնի նոր հանդիպման մասին։

«Բայեր» – «Ատլետիկո»

«Բայերին» խմբային փուլի երկու հաղթանակն էլ բավական եղավ եզրափակիչ դուրս գալու համար: Դժվար է պատկերացնել, թե լևերկուզենցիներն ինչի հաշվին են կանգնեցնելու մրցակիցներին սխալների համար պատժելու սովոր «Ատլետիկոյին»: Երկու տարի առաջ թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Այդ ժամանակ գործը հասավ հետխաղյա 11-մետրանոցներին: Այդ օրվանից շատ բան է փոխվել «Ատլետիկոյում». այն վերջնականապես ամրապնդել է դիրքերը թոփ-ակումբի կարգավիճակում, մասնակցել է մրցաշարի եզրափակչին, իսկ «Բայերը» չի կարողացել հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը․․․

«Լեսթեր» – «Սևիլյա»

Խորխե Սամպաոլի գլխավորությամբ «Սևիլյան» կարողացավ կայուն խաղալ խմբային փուլում: Անդլուսցիները, «Լիոնին» ու Զագրեբի «Դինամոյին» շրջանցելով, երկրորդ տեղով հանգիստ դուրս եկան խմբից: Կայունությունն ու հետևողականությունն այսօրվա «Սևիլյայի» հաղթաթուղթն է: Թիմի հարձակման գծում պարտականությունները կիսում են Բեն-Յեդերը, Նասրին, Վիտոլիոն, Իբորան: Իսկ «Լեսթե՞րը»․ Կլաուդիո Ռանյերիի թիմն ինքն իրենից շատ է տարբերվում ՉԼ-ում և ԱՊԼ-ում: Միանգամայն հավանական է, որ նրանց համար ավելի հարմար կլինի իսպանացիների դեմ երկրորդ համարով խաղալ: Ամեն դեպքում, Ռանյերին ավելի հարմար մրցակից գտնել չէր կարող:

«Պարի Սեն Ժերմեն» – «Բարսելոնա»

Հին ծանոթների նոր հանդիպման տեսանկյունից սա ամենասուր դիմակայությունն է լինելու: Էնրիկե-Էմերի մարզչական դուետը բազմիցս հանդիպել է Իսպանիայի առաջնությունում: Էմերիի օգնությամբ Գժեգոժ Կրիխովյակը փորձում էր կանգնեցնել «Բարսելոնային» դեռևս «Սևիլյայի» խաղացող լինելու տարիներից։ Հնարավոր է՝ 1/8 եզրափակչի խաղերում կատալոնացիների ձախ թևում հայտնվի Լյուկա Դինը, ով մի քանի տարի փորձում էր ամրապնդվել փարիզյան թիմի հիմնական կազմում: Տյագո Մոտան ու Մաքսվելն ընդհակառակը՝ հանդես են եկել «Կամպ Նոուում»: Եթե Մաքսվելը դաշտում հայտնվում է Կուրզավայի վնասվածքի դեպքում, ապա Մոտան ամրապնդել է դիրքերը հիմնական կազմում ու հիանալի հնարավորություն կունենա նախկին ակումբին ապացուցելու, որ 34 տարեկանում էլ նա արժեք ունի:

Դե իսկ նախկին մադրիդիստներ Անխել դի Մարիան ու Խեսեն չպետք է բաց թողնեն հին ծանոթին բարկացնելու հնարավորությունը: Չնայած «Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոնա» պարբերական հանդիպումներին՝ այս հակամարտությունը պետք է տարբերվի մյուսներից, քանի որ փարիզցիները շարունակում են վերակառուցման փուլն ու ընդունակ են զարմացնելու մրցակցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում