Հարություն Մերդինյան․ Իմ մեդալները 20-25 տարվա պատմություն ունեն

Հարություն Մերդինյան․ Իմ մեդալները 20-25 տարվա պատմություն ունեն

Նա արդեն իր հետքը թողել է հայկական մարնամարզության պատմության մեջ։ Նա հավատաց, պայքարեց ու մեծ դադարից հետո մեդալներ բերեց Հայաստան, իսկ Օլիմպիական խաղերի ոչ գերազանց ելույթը չի ընկճվելու առիթ չէ։ Հարություն Մերդինյանը Sport.Times.am-ի հետ զրույցում ամփոփել է տարին, խոսել նվաճումների, ահաջողույթունների մասին՝ նշելով դրանց վրա ազդող գործոնները։

Մերդինյանի համար 2016 թվականը հաջողություններով սկսվեց․ «Տարին հաջող սկսեցի: Հավաքներ եղան, հետո Հայաստանի առաջնությունը։ Այնուհետև մասնակցեցի աշխարհի գավաթի խաղարկությանը և առաջին տեղը զբաղեցրի` երրորդ տարին անընդմեջ: Հետո Եվրոպայի չեմպիոն դարձա»։

-Մինչ Եվրոպայի առաջնությունը նշվել էր, որ պետք է բարդ վարուժությունով հանդես գաս։ Դա պետք է նախապատրաստական փուլ լիներ Օլիմպիական խաղերի համար։

-Եվրոպայի առաջնության ժամանակ բարդ վարժությունս կատարեցի․ թերություններ կային, բայց կարողացա կատարել: Եթե հարկ է լինում, նոր կատարում եմ բարդ վարժություն: Երբ տեսնում ես մյուսների գնահատականները ու հասկանում՝ ռիսկի դիմելու կարիք չկա,  բարդ վարժություն կատարելը նպատակահարմար չէ։

-Եվրոպայի առաջնությունից հետո բոլորը նկատեցին, որ նյարդերդ այնքան ամուր են, որ անգամ մրցակիցներիդ՝ գործիքի վրայից ընկնելը քեզ վրա ազդեցություն չի թողնում։ Հետո այն, ինչ տեղի ունեցավ Օլիմպիական խաղերի ժամանակ, շատերի համար անսպասելի էր: Ի՞նչը չբավարարեց Ռիոյում։

-Մարզումային փուլը, հավաքները, առաջին օրվա մասնակցությունս նորմալ էին: Բարձր գնահատական ստացա, պարզապես եզրափակչին թե՛ նյարդերս տեղի տվեցին, թե՛ լավ չէի քնել․․․ Գերհոգնածություն էր, կոնկրետ չեմ կարող ասել: Սպորտ է, կարող է մի փոքր լարվածություն էլ լինի ու վերջ․․․

-Սովորաբար, կարևոր մրցաշարերից առաջ երկար հավաքների չեք մեկնում՝ ի տարբերություն այդ անգամվա։ Գուցե առաջին օրվա ելույթիցդ հետո, այսպես ասած, «վառվեցիր»․․․

-Ճիշտն ասած, առաջին անգամ էի նման երկար ժամանակով Հայաստանից դուրս հավաքի մասնակցում։ Եթե մեկ կամ երկու անգամ եղած լիներ, կիմանայի՝ ինչ պետք է անել: Մարզիչներս պետք է ասեին` երկու օր հանգստացիր, կամ ես խնդրեի մեկ-երկու օր հանգստանալ: Պարզապես ինքս էլ չէի պատկերացնում, որ կարող է գերհոգնածություն լինել, կամ էլ 25-30 օրվա ընթացքում լարվածություն չզգաս, բայց այն իր ազդեցությունը թողնի։ Բացի այդ, մի պահ էլ հիվանդացա:

-Մենք չունենք հավաքականների հետ աշխատող հոգեբան: Եթե թիմի հետ հոգեբան լիներ Ռիոյում, ինչ-որ դրական ազդեցություն կունենա՞ր։

-Եթե հոգեբանը սկսի աշխատել միայն լուրջ մրցաշարերից կամ առաջնություններից առաջ, հնարավոր է, նույնիսկ խանգարի, քանի որ լրիվ անսովոր վիճակ կլինի: Իսկ եթե դա մշտական բնույթ կրի, հոգեբանը մեզ հետ աշխատի թե՛ Հայաստանի առաջնության, թե՛ միջազգային մրցաշարերի ժամանակ, կսովորենք և օգտակար կլինի։ Օրինակ՝ ես խոշոր մրցաշարերի ժամանակ ընդհանրապես խոսելու ցանկություն չեմ ունենում: Մարզիչներս գիտեն, ճանաչում են ինձ և աշխատում են հնարավորինս քչացնել շփումն ինձ հետ։

-Մարմնամարզությունում կարևոր է գործիքների նորմալ վիճակը: Այս մասին շատ է խոսվել: Այստեղ մարզվում ես մեկ գործիքի վրա, իսկ արտագնա մրցաշարերի ժամանակ` լրիվ ուրիշ: Խանգարող հանգամանք չէ՞ր:

-Եթե լինի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն, այնտեղ մնալու ժամանակահատվածը քիչ է, պետք է սովորես գործիքին, իսկ Օլիմպիական խաղերի համար երկար հավաք ենք անցկացրել, հետո գնացել դահլիճ, նույն գործիքն էր․ այնպես որ՝ գործիքի հետ կապված խնդիր չի եղել: Իհարկե, դժվար է, երբ մի գործիքից մյուս գործիքին ես գնում, լրիվ տարբեր են: Եթե մեզ մոտ լինի նույն ֆիրմայի գործիքը, այդ ժամանակ ավելի հեշտ կսովորես: Երկու տարի առաջ իմ գործիքն այնքան վատն էր, որ ինքս իմ ձեռքով էի այն նորոգում (ծիծաղում է)-խմբ․: Պատռվում էր: Ներկայիս գործիքը ավելի լավն է, բայց էլի տարբերվում միջազգային չափանիշներից:

-Ռիոյում քեզ հետ նույն մրցումային օրն անհաջող հանդես եկավ օլիմպիական հավաքականում քո թիմակից, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Հոգեբանորեն նման պահերը ազդեցություն ունենո՞ւմ են:

-Ոչ, նման բաների ուշադրություն չեմ դարձնում: Սպորտ է: Հակառակը, կարող է դրանից մոտիվացիա ստանամ․ թիմակիցս չկարողացավ, գոնե ես լավ հանդես գամ: 

-Քո եզրափակիչ ելույթի ժամանակ դահլիճում էին ՀՀ Նախագահը և ՀԱՕԿ նախագահը։ Տեղյա՞կ էիր, որ նրանք հետևելու էին ելույթիդ:

-Գիտեի, որ պետք է ժամանեին Ռիո, բայց չեմ իմացել, որ այնտեղ են եղել։ Հետո ասացին: Չեմ կարծում, որ դա խանգարող հանգամանք է, հակառակը՝ ոգևորիչ է, որ հետաքրքրվում են:

-Եզրափակչից առաջ արդեն հայտնի էր, որ չես կատարելու բարդ ծրագիրը: Գործիքին մոտենալիս ի՞նչ էիր մտածում: Մտածո՞ւմ էիր, որ պարտված գործ է:

-Չէի ասի` պարտված, բայց զգում էի, որ մի բան այն չէ: Տրամադրվել էի, որ կկարողանամ մինչև վերջ անել վարժությունս, պարզապես վերջին հատվածում միգուցե կասկածեցի, որ չի ստացվի, ու ամբողջ վարժությունս փչացավ:

-Կբացատրե՞ս, թե վարժությանդ վերջին հատվածում ի՞նչը չստացվեց:

-Վերջում ոտքերս բարձրացրի, որ պտտվեմ 720 աստիճան, չկատարեցի: Ընդհանրապես պտույտ չկատարեցի: Եթե նայեք նախորդ ելույթներս, կտեսնեք, որ միշտ պտույտ կատարում եմ` 720 կամ 360 աստիճան: Այս անգամ ոտքերս բարձրացրի ու իջա ներքև:

-Դա քանի՞ միավոր կավելացներ:

-Նախնական գնահատականը կլիներ 6.8, վերջնականը, հնարավոր է, 15,7, ինչը բարձր գնահատական է, բրոնզե մեդալի գնահատական․․․

-Քեզանից առաջ էլ մրցակիցներդ անսովոր բարձր գնահատականներ էին ստանում, Նրանց վարժությունների բարդությունները շատ բարձր էին գնահատվում…

-Ինձ համար մեկ է: Դրանից ադրենալինս ավելի է բարձրանում: Մրցակցություն կա: Այնպիսի վիճակ չէ, որ ասեմ` բարձր գնահատական ստացավ, ես չեմ կարող: Ավելի շատ եմ խաղի մեջ մտնում. նա արեց, ես էլ եմ ուզում անել, որ ավելի բարձր ստանամ: Ոչինչ չես կարող փոխել, այդ պահին ինչ կա` կա: Հնարավոր է` ձեռքդ վնասված լինի, բայց պետք է ուշադրություն չդարձնես։

-Օլիմպիական խաղերից հետո հոգեբանորեն ի՞նչ վիճակում էիր։

-Երկար ժամանակ կարող ես մտածել, վերլուծել, մարզիչներիդ հետ խոսել, հասկանալու համար, թե ինչ է կատարվել: Երբ եկել էի, կարծես, մի բան տանջում էր: Ոչինչ չես կարող փոխել, պետք է առաջ շարժվես: Մի պահ դատարկություն էր մոտս, չգիտեի` ինչ պետք է լինի հետո: Երբ սպասում ես մի բանի, չի լինում, հետո դատարկվում ես: Չգիտեի` մարզվեի՞, թե՞ ոչ, արժե՞ր գնալ մարզադահլիճ, թե՞ ոչ: Աստիճանաբար ամեն ինչ տեղն ընկավ, նորից սկսեցի մարզվել։ Սկզբում անգամ դուր չէր գալիս, երբ այդ թեմայով խոսում էին հետս, խուսափում էի: Ընկերներս էլ, ինձ ճանաչելով, քիչ էին անդրադառնում այդ թեմային, որպեսզի ամեն ինչ արագ անցնի:

-Ինչպե՞ս տրվեց որոշումը, որ կարիերադ շարունակելու ես մինչև 2020 թվականը ու պատրաստվելու ես հաջորդ Օլիմպիական խաղերին:

-Դա միայն իմ որոշումը չի եղել: Մարզիչներիս հետ բազմիցս խոսել ենք, որ դեռ կարող եմ մնալ սպորտում: Թեկուզ թիմին օգուտ տալու համար հարկ լինի ուրիշ գործիքի վրա հանդես գալ, պատրաստ կլինեմ։

-Ո՞ր գործիքի վրա:

-Հնարավոր է` զուգափայտերի կամ պտտաձողի: Թիմակիցներիս հետ փորձելու ենք թիմով հաջողությունների հասնել։ Տա Աստված, կարողանանք հաջորդ Օլիմպիական խաղերին թիմով մասնակցել:

-Մեր մարզիկներից ո՞ւմ կառանձնացնես քո գործիքի` նժույգթափերի վրա:

-Երիտասարդները փորձում են վարժությունները բարդացնել, նոր տարրեր սովորել: Յուրքանչյուր Օլիմպիական խաղերից հետո փոփոխություններ են լինում ընդհանուր ծրագրի մեջ: Ես էլ եմ նոր տարրեր սովորում, ավելացնում: Մի տարրը բարդացնում են, 4 տարի հետո իջեցնում են այդ տարրի գնահատականը, տարբերություն են մտցնում, որ ամեն անգամ նույնը չկրկնվի: Ես էլ եմ սովորում, երիտասարդներն էլ։ Արմեն Պետրոսյանը դաստակի վնասվածք ուներ, վերջերս քիչ է աշխատում, թողել է, որ վերականգնվի: Բոլորը փորձում են, տեսնում են, որ հասանելի է, կարող են լավ վարժություն կատարել: Խոստումնալից երիտասարդներ ունենք: Արմեն Պետրոսյանը լավ է կատարում: Արթուր Դավթյանն է լավ է անում վարժությունը, եթե մեկ-երկու տարր ավելացնի, բարդ վարժություն կդառնա: Ժամանակի ընթացքում հավաքականի մարզիչը կասի, թե ինչ պետք է անել, ինչի վրա կենտրոնանանք:

-Իսկ դահլիճում մարզվող տարիքով ավելի փոքր մարմնմարզիկներն ինչպե՞ս են քեզ վերաբերում:

-Դահլիճում ոչ մեկից չեմ տարբերվում, բոլորս մարզիկներ ենք, տարիքը կապ չունի: Իհարկե, եթե տարիքով մեծ ես, հարգում են, բայց այդ ամենը փոխադարձ է: Եթե մի բանով էլ կարող ես օգտակար լինել, առանց մտածելու անում ես: Ոչ միայն իմ, նաև թիմակիցներիս` Արթուր Դավթյանի, Վահագն Դավթյանի, Արթուր Թովմասյանի, Արթուր Ավետիսյանի արդյունքները տեսնելով՝ հասկանում են, որ դրանց հասնելը անհնարին չէ:

-Հաճախ, երբ մարզիկին նայում են՝ որպես պոտենցիալ մեդալակրի, չեն հասկանում, թե ինչ աշխատանք է ընկած այդ ամենի հետևում: Ի՞նչ ես զգում՝ այս տարվա հաջողություններին հետադարձ հայացք գցելով։

-Սա մեկ տարվա արդյունք չէ։ 2006-ին դարձա աշխարհի գավաթի հաղթող, հետո երկու ամիս անց աշխարհի գավաթի առաջնությանը Ա խմբում դարձա արծաթե մեդալակիր, ինչը ևս լուրջ արդյունք էր: Իմ ամեն մեդալը 20-25 ու ավելի տարվա պատմություն է ունեցել․ յուրաքանչյուր արդյունք, նույնիսկ Օլիմպիական խաղերի եզրափակչին մասնակցելը: Երկար ժամանակ նման բան չէր եղել: Դժվար է մի գործիքի վրա հանդես գալով դրան հասնել: Դա միայն իմ հաջողությունը չէ, մարզիչներիս քրտնաջան աշխատանքն է, ովքեր կարողացել են վարպետորեն վարժությունս դասավորել:

Այս տարի ամենալուրջ փորձերիցս մեկը եղավ: Եթե 4 տարի հետո կարողանամ նորից մասնակցել Օլիմպիական խաղերին, նույն սխալները, բացթողումները չեմ անի: Լինում է` տեսնում ես ուրիշի սխալները, փորձում ես չանել, բայց սպորտում ավելի շատ սեփական սխալներիդ վրա ես սովորում: Ընդհանուր առմամբ, լավ տարի էր։ 55 տարի Եվրոպայի չեմպիոն չէինք ունեցել․․․ Ուրախանալու առիթներ ունեմ: Շնորհակալ եմ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին ու իմ անձնական մարզիչ Սոս Սարգսյանին։ Սա նաև նրանց արդյուքն ու նվաճումն էր։

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում