Կյանքից հեռացել է Ֆաինա Մելնիկը

Կյանքից հեռացել է Ֆաինա Մելնիկը

Այսօր` դեկտեմբերի 16-ին կյանքի 72-րդ տարում մահացել է Ֆաինա Մելնիկը:

Հայաստանի Սպորտի և նախարարության պաշտոնական կայքը հիշեցնում է նրա անցած ուղին ու փայլուն կարիերան:

Մելնիկը ծնվել է 1945 թ. Ուկրաինայի Կոստանդինովկա փոքրիկ քաղաքում: Հրավիրվեց Հայաստան, սիրեց մեր երկիրն ու դարձավ նրա առաջատար աթլետը: «Սևան» գյուղական մարզընկերության սանը Հայաստանի և ԽՍՀՄ հավաքականների կազմում դարձել է ԽՍՀՄ ութակի, եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ-ԱՄՆ մրցամարտերի և միջազգային խոշոր այլ մրցաշարերի բազմակի հաղթող:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտը Մյունխենի օլիմպիական խաղերում /1972թ./ նվաճեց չեմպիոնի կոչումը` սահմանելով օլիմպիական ռեկորդ: Նրա «ոսկե վերադարձը» բարձր գնահատեց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ մարզուհուն շնորհեց ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում:

Ֆ.Մելնիկը սահմանել է համաշխարհային 11 ռեկորդ, որոնց շնորհիվ նա վեց մետրով ավելացրել է սկավառականետման բարձրագույն նիշը, այսինքն 64-ը հասցրել է 70 մետրի: Նման արդյունք պատմության ընթացքում աշխարհի ոչ մի նետորդուհի չէր սահմանել: Այդ հանգամանքը գնահատելով աթլետիկայի միջազգային ֆեդերացիան մեր մարզուհուն 1987թ. ճանաչել է բոլոր ժամանակների աշխարհի թիվ մեկ սկավառականետորդուհի, իսկ 2010թ. Հայաստանում թողարկվել է Ֆաինա Մելնիկին նվիրված նամականիշ:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո, 35-ը բոլորած չեմպիոնուհին ընդունվեց և ավարտեց Մոսկվայի բժշկական ինստիտուտը, ստացավ ստոմատոլոգի որակավորում /1986թ./:

Բայց նա հավատարիմ մնաց իր մարզաձևին և համատեղեց երկու մասնագիտությունները: Հուսալի բժշկուհին նաև հմուտ մարզիչ դարձավ: Նրա մոսկվացի սանուհիներից երկուսը` Նատալյա Լիսովսկայան և Սվետլանա Կրիվելյովան հաջորդաբար Սեուլում և Բարսելոնում դարձան օլիմպիական խաղերի չեմպիոնուհիներ:
Այսքանը բավական էր, որպեսզի Ֆաինան կոտրեր կարծրատիպն այն մասին, թե մեծ մարզիկներն անկարող են դառնալ մեծ մարզիչներ: Իսկ ահա նա իրենն արեց ու դրանից հետո միայն թողեց մարզչական գործը:

Նրան ճանաչողները խոստովանում են, որ բնավորությամբ ուժեղ է, համարձակ, կամքով արի, վառ անհատականություն է: Նա ինքն է կերտել իր ճակատագիրը: Եվ եթե նույնիսկ չի հասել ցանկալիին, ապա այդ մասին չի խոսել, լռել, խնամքով թաքցրել է հոգու խորքում:

2016թ. դեկտեմբերի 16-ի կեսօրին Մոսկվայից արագորեն Երևան գուժեց տխուր, մի տեսակ անհավատալի լուրը. վախճանվել է. մեծն ՖԱԻՆԱ ՄԵԼՆԻԿԸ: Եվ գիտեք ինչպես` սայթաքել, ընկել ու վերջ:

Հայոց մարզաշխարհի մարդիկ, մարզական բոլոր կառույցների աշխատակիցները խոր վշտով ցավակցում են մեծանուն չեմպիոնուհու հարազատներին, ընկերներին, մարզասերներին: Նրա անունը անջնջելի կմնա համաշխարհային և հայկական սպորտի պատմագրքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում