Նադալ․ Դեռ պատրաստ չեմ միայնակ հանդես գալ

Նադալ․ Դեռ պատրաստ չեմ միայնակ հանդես գալ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նշել է, որ դեռ պատրաստ չէ միայնակ կորտ դուրս գալ, դրա համար էլ Մարկ Լոպեսի հետ մասնակցում է Իսպանիայի թենիսի առաջնության զուգախաղի մրցումներին։ Ուշագրավ է, որ մրցաշարն անցկացվում է Մալյորկայում գտնվող Նադալի թենիսի ակադեմիայում։

-Ես ամեն օր 3 ժամից ավելի մարզվում եմ, ինձ բավականին լավ եմ զգում, սակայն դեռ պատրաստ չեմ միայնակ հանդես գալ։ Ուրախ եմ, որ Իսպանիայի առաջնությունն անցկացվում է իմ ակադեմիայում, իսկ ես Լոպեսի օգնությամբ նոր մրցաշրջանին պատրաստվելու հնարավորություն ունեմ,- Նադալի խոսքը փոխանցում է «Tennis World USA»-ը։

Նախորդ շաբաթվա ընթացքում Նադալը մարզվել է Ժոաու Սոուզայի հետ, ում մարզիչ Ֆրեդերիկո Մարկեսը հայտարարել է, որ Ռաֆան հիմա ավելի լավ է խաղում, քան մեկ տարի առաջ։

Հավելենք՝ Ռաֆայել Նադալի համար նոր մրցաշրջանը սկսվելու է Աբու-Դաբիի մրցաշարից․ դեկտեմբերի 29-ին իսպանացին մրցելու է չեխ Թոմաշ Բերդիխի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում