Գառնիկ Սարոյան. Նախատեսում ենք, որ երիտասարդական օլիմպիական խաղերում կունենանք 2 մասնակից

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ավարտվել են մարզաձևերի երիտասարդների և պատանիների ավագ մարզիչների հաշվետվությունների լսումները:

Այսօր հաշվետվություն է ներկայացրել Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչ Գառնիկ Սարոյանը,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Մարզիչը ներկայացրել է հավաքականների հետ տարվող աշխատանքները` ուսումնամարզական հավաքների կազմակերպում, միջազգային մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցություն:

«Մեր երիտասարդ մարմնամարզիկները մասնակցում են ՀՀ մեծահասակների առաջնությանը: Դա ավելացնում է նրանց փորձառությունը և երիտասարդները հետագայում հաջողությամբ համալրում են մեծահասակների հավաքականը»,- ասել է Գ. Սարոյանը:

Մարզչի խոսքերով 2017 թվականին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային հատկացվող պետական բյուջեի ավելացումը կնպաստի իրականացվելիք աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

«Նախատեսում ենք, որ 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք երիտասարդական օլիմպիական խաղերում մենք կունենանք 2 մասնակից: Սա լավ ցուցանիշ կլինի հայկական մարմնամարզության համար»,- ընդգծել է Գառնիկ Սարոյանը:

Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը և ավագ մարզիչը Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների մարզիչների աշխատանքը 2016 թ. գնահատել է բավարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում