«Չելսիի», ՊՍԺ-ի ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստն ավարտել է կարիերան

Բրազիլիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ալեքսը որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան,- տեղեկացնում են բրազիլական լրատվամիջոցները:

34-ամյա ֆուտբոլիստն ամռանն առանց ակումբ է մնացել և այս ընթացքում չի կարողացել իր համար նոր թիմ գտնել: Տեղեկություններ էին շրջանառվում «Սանթոս» վերադառնալու մասին, սակայն ֆուտբոլիստի խրոնիկական վնասվածքի պատճառով դա տեղի չի ունեցել: Ալեքսը վերջին տարիներին ծնկի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ:

«Ընտանիքիս հետ խորհրդակցելով որոշել եմ ավարտել կարիերաս: Ինձ վիրահատություն է անհրաժեշտ, որից հետո 9 ամիս պետք է վերականգնվեմ: Այլևս չեմ կարողանում դիմանալ ծնկիս ցավին»,- ասել է պաշտպանը:

Ալեքսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սանթոսում»: Հետագայում նա տեղափոխվել է Եվրոպա, որտեղ հանդես է եկել ՊՍՎ-ի, «Չելսիի», «Պարի Սեն Ժերմենի» և «Միլանի» կազմում: Այդ թիմերի հետ նա 14 տիտղոս է նվաճել:

2007 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում Ալեքսը դարձել է Կոպա Ամերիկայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում