«Ալաշկերտը» երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի

Ամանորյա տոներից հետո Բաձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Ալաշկերտը» կսկսի նախապատրաստությունն ընթացիկ առաջնության գարնանային հատվածին:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմն առաջին ուսումնամարզական հավաքը կսկսվի հունվարի 8-ին՝ Երևանում: Մարզումները կշարունակվեն մինչև հունվարի 30-ը: Հումվարի 31-ին «Ալաշկերտը» կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի երկրորդ ուսումնամարզական հավաքը: Փետրվարի 12-ին Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ալաշկերտցի ֆուտբոլիստները կմասնակցեն Հայաստան-Ուզբեկստան միջազգային ընկերական հանդիպմանը: Հաջորդ օրն «Ալաշկերտը» կվերադառնա Երևան:

Փետրվարի 16-ին «Ալաշկերտը» ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սա նախապես պլանավորված ուղևորություն է: Այստեղ թիմը կանցկացնի երրորդ ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում կկայանա երկու ընկերական խաղ: Փետրվարի 20-ին Ֆրեզնո քաղաքում «Ալաշկերտը» կհանդիպի Մեքսիկան ներկայացնող ակումբի հետ, իսկ փետրվարի 24-ին Լոս-Անջելեսում ուժերը կչափի ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» թիմի հետ, որտեղ հանդես է գալիս մեր հայրենակից Յուրա Մովսիսյանը:

Տեղեկացնենք, որ այս խաղը կմեկնարկի ԱՄՆ-ի ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով փետրվարի 25-ին առավոտյան 07:30-ին) և Հայաստանում կցուցադրվի հեռուստատեսությամբ:

Փետրվարի 26-ին «Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնա Երևան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում