Լա լիգայի ֆուտբոլիստներ, որոնց պետք է ուշադրություն դարձնեն Պրեմիեր լիգայի ակումբները

Շուտով կբացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը: Հետաքրքիր տեղափոխությունների ակնկալիքով՝ ներկայացնում ենք Իսպանիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների, ովքեր կարող են հիանալի համալրումներ լինեն Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների համար։

Իգնասիո Կամաչո («Մալագա»)

«Մալագայի» 26-ամյա կիսապաշտպանը վերջին տարիներին լուրջ վնասվածքներ ունեցավ, բայց դա չխոչընդոտեց տեսնելու նրա տաղանդը: Անցյալ ամռանը Կամաչոն պետք է «Վեսթ Բրոմվիչ» տեղափոխվեր, բայց տրանսֆերը չկայացավ: Այս մրցաշրջանում իսպանացին շարունակում է ուրախացնել երկրպագուներին, հաջողությամբ հանդես է գալիս ոչ միայն պաշտպանությունում, այլև հարձակման գծում. 15 խաղում՝ 3 գնդակ ու 2 արդյունավետ փոխանցում: Կամաչոն տեխնիկայի ու ֆիզիկական ուժի հիանալի համադրություն է:

Հարմար ակումբներ՝ «Վեսթ Բրոմ», «Էվերթոն»

Յերայ Ալվարես («Ատլետիկ»)

Մեր ցուցակում թերևս ամենաքիչ հայտնի անունն է, բայց Ալվարեսի տաղանդի հետ ամեն ինչ կարգին է: Յերայն Իսպանիայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից է ու նրան արդեն իսկ համեմատում են «Բարսելոնայի» լեգենդ Կառլես Պույոլի հետ: Յերայը միայն այս մրցաշրջանում սկսեց կայուն հանդես գալ հիմնական կազմում, այնպես որ՝ նրան դեռ կարելի է հարմար գնով ձեռք բերել:

Հարմար ակումբներ՝ «Լեսթեր», «Էվերթոն»

Ռոկե Մեսա («Լաս Պալմաս»)

ԱՊԼ-ի երկրպագուները հերթական անգամ կարող են բացականչել. «Իսկ սա ո՞վ է», բայց կարիք չկա թերագնահատելու 27-ամյա Մեսային, ով հայտնի է կայուն խաղով ու հստակ փոխանցումներով: Նա կարող է հետաքրքրված լինել այլ առաջնություն տեղափոխվելու հնարավորությամբ: «Լաս Պալմասի» գործերը դեռ լավ են ընթանում, մեծ մասամբ նաև Մեսայի շնորհիվ, բայց սա «Լեսթերը» չէ, այնպես որ՝ իսպանացուն գնելու տարբերակը լրջորեն կարող է հետաքրքրել ԱՊԼ-ի միջին կարգի ակումբներին:

Հարմար ակումբներ՝ «Էվերթոն», «Միդլսբրո»

Կանսելու («Վալենսիա»)

Աջ պաշտպան կամ վինգեր. Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստն ամեն ինչ կարող է: Վերջին շրջանում նրա անունը կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որտեղ նա արժանի փոխարինող կլինի Անտոնիո Վալենսիային կամ Մատեո Դարմիանին: «Վալենսիայի» գործերն այնքան էլ լավ չեն ու ձմռանն ակումբի համար բարդ կլինի պահել աստղային ֆուտբոլիստներին: Կանսելուն դեռ 22 տարեկան է ու հիմա իդեալական պահ է նոր լիգա տեղափոխվելու համար: Նա լավագույններից մեկը դառնալու մեծ հնարավորություն ունի:

Հարմար ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»

Մանու Տրիգերոս («Վիլյառեալ»)

Մարսելինոյի հեռանալուց հետո «Վիլյառեալը» պետք է տուժեր, բայց օգնության հասած Տրիգերոսի շնորհիվ թիմը սկսեց ավելի լավ հանդես գալ: Պետք է առանձնահատուկ շեշտել Մանուի կրեատիվության մասին, որ նրան առանձնացնում է թիմակիցներից: Գուցե հենց նա է «Լեսթերի» կիսապաշտպանության խնդրի լուծումը․․․

Հարմար ակումբներ՝ «Լեսթեր», «Տոտենհեմ»

Յուրի Բերչիչե («Ռեալ Սոսյեդադ»)

Այս մրցաշրջանում զարմացնողներից է «Ռեալ Սոսյեդադը»: Թիմի տպավորիչ խաղը հնարավոր է դառնում նաև Յուրի Բերչիչեի շնորհիվ: 14 խաղում իսպանացին 2 գոլ է խփել և 1 արդյունավետ փոխանցում կատարել: Նրա ուժեղ կողմերից են համառությունն ու օդում խաղը: Յուրգեն Կլոպը պետք է ուշադրություն դարձնի այս ֆուտբոլիստին, քանի որ նրա թիմը պարբերաբար տուժում է ձախ թևում լավ պաշտպանի բացակայության պատճառով։

Հարմար ակումբ՝ «Լիվերպուլ»

Մատեո Կովաչիչ («Ռեալ Մադրիդ»)

Կազեմիրոյի, Լուկա Մոդրիչի և Թոնի Կրոսի վնասվածքների արդյունքում խորվաթ ֆուտբոլիստը կարողացավ խաղալ «Ռեալի» հիմնական կազմում: Նպատակասլաց, մարտական տրամադրված ու փոխանցման հիանալի հոտառություն ունեցող այս ֆուտբոլիստը կարող է խաղալ ԱՊԼ-ի ուժեղագույն ակումբումներում: Կովաչիչը դժվար ցանկանա հրաժարվել «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակից․ այնպես որ՝ նրա ծառայություններով հետաքրքրվողներին հեշտ բանակցություններ չեն սպասվում։

Հարմար ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում