Սարգիս Շահինյան․ Ապացուցելու բան ունեմ

«Գանձասար-Կապանի» շարքերն է համալրել 21-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը, ով «Միկայի» սան է, հանդես է եկել նաև «Փյունիկում», պորտուգալական «Բրագայում»։ Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ կնքվել է 1 տարվա պայմանագիր։

Սարգիս Շահինյանը խոսել է տեղափոխության մասին։

«Վերջին ակումբս «Փյունիկն» էր, այդ ակումբի հետ պայմանագիրը խզելուց հետո մեկնել էի Ուկրաինա, որպեսզի փորձաշրջան անցնեի Կիևի «Օլիմպիկում»։ Ինչ-ինչ պատճառներով տեղափոխությունը չստացվեց։ Չեմ ուզում մանրամասնել։ Պատճառը հաստատ ես չէի: Վերադարձա Հայաստան, ցանկացա ուժերս փորձել «Արարատում», բայց այնտեղ ինձ ասացին, որ նոյեմբերին գամ, քանի որ առաջնությունը ընթացքի մեջ է, իսկ տրանսֆերային պատուհանն էլ փակ է։ Անհատական մարզումներ էի անցկացնում «Միկա» մարզահամալիրում։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ ինձ տրամադրում էին խաղադաշտը, թույլ տալիս մարզվել։ Պարապմունքներից մեկի ժամանակ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նկատեց ինձ և ասաց, որ իրեն հենց իմ ֆուտբոլային որակները ունեցող ֆուտբոլիստ է պետք։ Ասաց, որ գամ ու մարզվեմ թիմի հետ, եթե կարողանամ արդարեցնել ինձ մարզումների ընթացքում, «Գանձասար-Կապանը» պայմանագիր կառաջարկի։ Եթե այսօր համարվում եմ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ, ուրեմն արդարեցրել եմ ինձ (ծիծաղում է)»,- Շահինյանի խոսքերը փոխանցում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը։

-«Գանձասար-Կապանի» երկրպագուներին ի՞նչ ասելիք ունես։ Նրանք ի՞նչ պետք է ակնկալեն քեզանից։

-Ուզում եմ, որ «Գանձասար-Կապանի» երկրպագուները միշտ գան խաղադաշտ, երկրպագեն թիմին անկախ արդյունքներից։ Ֆուտբոլը գեղեցիկ է երկրպագուներով։ Ֆուտբոլիստը ամբողջությամբ չի կարող տրվել խաղին, երբ դուրս է գալիս խաղադաշտ ու երկրպագու չկա։ Թվում է, որ դա մանրուք է, բայց ֆուտբոլում մանրուքներ չկան։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես ինչ կարող եմ, անելու եմ թիմին օգնելու համար։ Շատ բան կախված է նաև մարզչից, որովհետև նա է որոշելու, թե ես ինչ պետք է անեմ։ Ես զրուցել եմ Աշոտ Բարսեղյանի հետ, և նա ասել է, որ ինձ հետ մեծ հույսեր է կապում։ Կաշխատեմ արդարեցնել։ Ամեն ինչ կախված է ինձնից։ Մարզումների ընթացքում աշխատելու եմ 100 տոկոսով, որպեսզի կարողանամ ապացուցել, որ իմ հարցում չեն սխալվել։ Կան նաև այլ մարդիկ, որոնց նույնպես ապացուցելու բան ունեմ։ Ուզում եմ «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթներով ապացուցել, որ որոշ մարդիկ ինձ վերաբերող որոշ հարցերում սխալվել են։

“>

Հետևեք մեզ նաև Telegram-ում