Անի Ամիրաղյան. Կորտ եմ վերադառնալու սեպտեմբերին

Հայաստանի առաջին թենիսիստուհի Անի Ամիրաղյանը 2016 թվականի վերջին ամիսներն առանց կորտ դուրս գալու անցկացրեց: Sport.Times.am-ը զրուցել է 23-ամյա մարզուհու հետ, պարզել բացակայության պատճառը, տեղեկացել հետագա անելիքների մասին:

– Սկսել եք հազվադեպ լինել Հայաստանում: Մշտական բնակություն եք հաստատել ա՞յլ երկրում:

– Այո: Հուլիսին ամուսնացել եմ և տեղափոխվել Մոսկվա:

Ձեր ամուսինը թենիսի հետ որևէ կապ ունի՞:

– Ոչ, չունի, բայց ամեն կերպ փորձում է օգնել: Այդ հարցով շատ է հետաքրքրված:

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Վերջին անգամ մրցաշարի մասնակցել եք օգոստոսին: Ինչո՞ւ եք նման երկար դադար վերցրել:

– Օգոստոսին մասնակցում էի Բաթումիում ընթացող մրցաշարին: Կորտում ինձ շատ վատ զգացի և հրաժարվեցի հետագա պայքարից: Վերադարձա Մոսկվա և որոշ ժամանակ անց իմացա, որ հղի եմ: Մինչև 2017 թվականի սեպտեմբեր որոշել եմ կարիերայումս դադար վերցնել:

– Ստացվում է` մրցաշրջան-2016-ի գրեթե կեսին մասնակցեցիք: Այնուամենայնիվ, այն ինչպիսի՞ն եք գնահատում:

– 8 ամսվա ընթացքում շատ մրցաշարերի մասնակցեցի: Շատ գոհ եմ Ֆեդերացիանների Գավաթում (Fed Cup-ում) գրանցված արդյունքներից: Ինչ վերաբերվում է անհատական մրցաշարերին՝ կարելի էր ավելի լավ խաղալ:

– Fed Cup-ում Դուք Հայաստանի հավաքականի կազմում հաղթեցիք բոլոր 4 անհատական հանդիպումները, բայց ազգային ընտրանին, միևնույն է, չկարողացավ հաջորդ փուլ անցնել:  Ի՞նչ է պետք անել թենիսի Հայաստանի կանանց հավաքականի արդյունքները բարելավելու համար:

– Պետք է ունենանք ևս մեկ թենիսիտուհի, ով կկարողանա հաղթել իր հանդիպումները: Ցավոք, վերջին տարիներին ինձ հետ հավաքականի կազմում երեխաներ էին հանդես գալիս (15-16 տարեկաններ-խմբ.): Նրանք մեծ փորձ չունեն:

– Ե՞րբ նրանք պատրաստ կլինեն հաջող խաղալուն և արդյո՞ք դրա համար անհրաժեշտ որակներն ունեն…

– Պետք է շատ մրցումների մասնակցեն, որպեսզի անհրաժեշտ փորձը հավաքեն, այլ կերպ չի ստացվի: Նաև հարկավոր է ճիշտ մարզիչ ունենալ: Fed Cup-ում ամենակարևորը զուգախաղն է: Այսինքն, եթե ընդհանուր դիմակայության հաշիվը 1:1 է, կարելի է զուգախաղով հաղթել: Մեր մյուս թենիսիստուհիները զուգախաղում փորձ ընդհանրապես չունեն։ Հուսով եմ՝ նրանք կկարողանան աստիճանաբար հաջողության հասնել: Շատ ուրախ կլինեմ, որ նրանք առաջ գնան:

– Ստացվում է՝ Fed Cup-ի հաջորդ խաղարկությանը չեք մասնակցելու և մեր շանսերը էլ ավելի քիչ կլինեն…

– Ցավոք, չեմ կարողանա մասնակցել:


– Վերջին ժամանակներս զուգահեռաբար նաև մարզիչ էիք աշխատում: Այդ փորձը հաջո՞ղ եք գնահատում:

– Երկու տարի մարզիչ աշխատեցի Երևանում, նաև Գերմանիայում, երբ մասնակցում էի թենիսի ակումբային մրցաշարերի: Գերմանիայում հիմնականում երեխաների էի մարզում, իսկ Հայաստանում սիրողական մակարդակում թենիսով զբաղվողների: Բոլորն էլ գոհ էին մարզումներից:

– Ծրագրո՞ւմ եք շարունակել այդ փորձը:

– Մտադրություն կար տեղափոխվելու Գերմանիա և այնտեղ աշխատել, բայց դեռ հստակություն չկա:

– Կա՞ն թենիսիստուհիներ, որոնց հետ Դուք կարիերայի ընթացքում խաղացել եք, իսկ հիմա նրանք ճանաչված են դարձել: Օրինակ՝ թոփ-100 են հայտնվել կամ WTA-ի ինչ-որ մրցաշարում լուրջ հաջողության հասել:

– Այո։ Շատերը, որոնց հետ մրցել եմ և նաև հաղթել, ճանաչում են ձեռք բերել: Նույն Մարգարիտա Գասպարյանը… Նաև մրցել եմ Սիմոնա Հալեպի (աշխարհի 4-րդ ռակետ-խմբ), Կրիստինա Մլադենովիչի, Ալիսա Կլեյբանովայի և այլ հայտնի թենիսիստուհիների հետ:

– Նախկինում ընդգծում էիք, որ մրցումներին մասնակցելու համար պետք է հովանավորներ գտնել: Այս տարի հաջողվե՞ց հովանավոր գտնել, որ կարողացաք այդքան շատ մրցաշարերի մասնակցել:

– Իհարկե, ոչ: Ինձ թվում է՝ Հայաստանում դա անհնար է:

– Իսկ Ռուսաստանում նախապես զբաղվո՞ւմ եք այդ հարցով, որ մրցումների վերսկսման ժամանակ արդեն պայմանավորվածություն լինի:

– Փորձում ենք, սակայն դեռ պատասխան չկա:

– Ներկայումս Հայաստանում թենիսով զբաղվողների թվի տեսանկյունից կորտերի պակաս, կարելի է ասել, չի զգացվում: Ի՞նչ եք կարծում, նման պարագայում թենիսի՝ Հայաստանում այսքան դանդաղ է զարգանալու պատճառն ո՞րն է:

– Մարզիչների և հովանավորների պակասը: Նաև չունենք նորմալ փակ կորտեր՝ ճիշտ երեսապատմամբ:


– Հայաստանում պրոֆեսիոնալ թենիսով զբաղվելու ցանկությամբ մարդկանց քանակը շատացե՞լ է:

– Շատ են թենիսով զբաղվելու ցանկությամբ երեխաները, բայց նրանց պրոֆեսիոնալ դարձնելու համար հարկավոր է շատ աշխատանք կատարել ու նրանց ճիշտ ճանապարհի վրա դնել: Ծնողներից շատերը չունեն այնքան ծախսերի հնարավորություններ, որքան թենիսը պահանջում է: Ստիպված թենիսիստները վաղաժամ մարզիչներ են դառնում, բայց դա արդյունքի չի բերում, որովհետև նրանք պրոֆեսիոնալ մասնագետներ չեն: Իմ հայրը սկսեց ինձ մարզել, երբ տեսավ պրոֆեսիոնալ մարզիչների բացակայությունը:

– Իսկ ֆեդերացիան ինչո՞ւ այդ հարցերով չի զբաղվում:

– Դրա համար գումար չունեն: Նրանք միայն Հայաստանի հավաքականի ելույթներն են ֆինանսավորում:

Զրուցեց Հայկ Հովհաննիսյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում