Կրակոտ տղաները. Հարավային Ամերիկայից 10 ֆուտբոլիստներ, որոնց սպասում են Եվրոպայում

Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստները մեկ անգամ չէ, որ զարդարել են եվրոպական ֆուտբոլը: Ձմեռային տրանսֆերային պատուհանը կրկին ճանապարհ է բացում նոր ֆուտբոլիստների համար, իսկ մենք ներկայացնում ենք Եվրոպա տեղափոխվելու իրական հնարավորություն ունեցողներին։

Լուկաս Ալարիո («Ռիվեր Փլեյթ»)
Դիրքը՝ Կենտրոնական հարձակվող
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 21 խաղ, 14 գոլ

Մի քանի ամիս է՝ «Պարի Սեն Ժերմենն» է դիտարկում 24-ամյա հարձակվողին ձեռք բերելու տարբերակը և պատրաստ է 18 մլն տրամադրել հունվարյան տրանսֆերի համար: Հորիզոնում այլ ակումբներ էլ կան՝ «Ինտերը», «Տոտենհեմը», «Լիվերպուլը»: Ալարիոն վատ արագություն չունի, բայց նրա լավագույն կողմերը երևում են տուգանայինի մատույցներում՝ ուժեղ հարված, դիրքի ընտրություն, հիանալի խաղ օդում: Սեպտեմբերին ֆուտբոլիստը նշել է նորամուտն Արգենտինայի հավաքականում:

Սեբաստյան Դրիուսի («Ռիվեր Փլեյթ»)
Դիրքը՝ կենտրոնական հարձակվող
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 22 խաղ, 13 գոլ

20-ամյա ֆուտբոլիստը դեռ մի քանի տարի առաջ է հայտնվել եվրոպական ակումբների խոշորացույցի տակ: Սեբաստյանը գոլային լավ հոտառություն ունի, ճիշտ է կողմնորոշվում դիրքի հարցում, կատարողական վարպետությամբ է օժտված և հստակ հարվածների է տիրապետում, բայց գոլերը «փաթեթավորելուն» ինչ-որ բան խանգարում է: Աշնան սկզբին մարզիչ Մարսելո Գալյարդոն երիտասարդին ստիպել է դիտել Լուիս Սուարեսի խաղերի տեսագրությունները: Դրանից հետո հարձակվողը 13 խաղում 9 գնդակ խփեց: Նրա և Ալարիոյի դուետը Հարավային Ամերիկայում ամենագրոհայինն է:

Ռոդրիգո Բենտանկուր («Բոկա Խունիորս»)
Դիրքը՝ կենտրոնական կիսապաշտպան
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 14 խաղ, 2 գոլային փոխանցում

Չնայած «Ռեալի» և «Միլանի» ցուցաբերած հետաքրքրությանը, «Յուվենտուսը» դժվար թե ձեռքից բաց թողնի 19-ամյա տաղանդին: Հեռատես Մարոտտան, ով Բենտանկուրի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունքի պայման էր ներառել Կառլոս Տևեսի՝ «Բոկա» տեղափոխության գործարքում, երիտասարդ ֆուտբոլիստին արդեն սպասում է Թուրինում: Այս մրցաշրջանում Բենտանկուրը խորքում է խաղում, հանդիպումների մեծ մասն անցկացրել է պաշտպանության գծում: Նա հասկանում է խաղը, ինտելեկտուալ է ու տեխնիկա ունի. եթե ուրուգվայցուն Արգենտինայում նոր Ռիկելմե են անվանում, ապա ժամանակն է գործի անցնելու։

Լուան («Գրեմիո»)
Դիրքը՝ վինգեր
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 41 խաղ, 7 գոլ, 7 գոլային փոխանցում

«Գրեմիոյի» ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել անգլիական ակումբները: Նրանով հատկապես հետարքրված են «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Լուանի վիճակագրությունն այնքան էլ համոզիչ չէ, որքան բուն խաղը՝ դինամիկ ու էներգիայով լեցուն բրազիլացին ամենուր է հասցնում, շատ է տեղաշարժվում ազատ տարածություն գտնելու համար և մշտական վտանգ է ներկայացնում մրցակցի դարպասապահների համար: Նա հստակ հարվածների է տիրապետում երկու ոտքերով էլ։

Ժորժե («Ֆլամենգո»)
Դիրքը՝ պաշտպան
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 38 խաղ, 3 գոլ, 2 գոլային փոխանցում

Անցյալ տարի «Ֆլամենգոն» վարձավճարով ձեռք բերեց «Միլանի» ու «Նապոլիի» նախկին խաղացող Պաբլո Արմերոյին, բայց կոլումբիացին գրեթե չհայտնվեց մեկնարկային կազմում: Նա պարտվեց 19-ամյա Ժորժեի հետ մրցակցությունում։ Հիմա բրազիլացին 20 տարեկան է, արդեն 2 մրցաշրջան խաղացել է «Ֆլամենգոյում» և համաշխարհային ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից մեկն է համարվում: Նոյեմբերին պարզ դարձավ, որ նրա խաղը հետաքրքրում է Խոսեպ Գվարդիոլային:

Վիտոր Բուենո («Սանտոս»)
Դիրքը՝ եզրային կիսապաշտպան
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 37 խաղ, 10+3

22-ամյա ֆուտբոլիստը բրազիլական մրցաշրջանի հայտնությունն է: Նա դասական բրազիլացի կիսապաշտպան է՝ կրեատիվ ու տեխնիկապես ուժեղ: Հատուկ ուշադրության է արժանի Վիտորի հարվածելու հմտությունը. նա գնդակը ցանցը կարող է ուղարկել երկու ոտքերով ու ցանկացած հեռավորությունից Եվրոպական սկաուտները նրան աչքաթող չեն անում:

Լուկաս Լիմա («Սանտոս»)
Դիրքը՝ հարձակողական ոճի կիսապաշտպան
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 30 խաղ, 3 գնդակ, 5 գոլային փոխանցում

Հիանալի խաղացող, ով վառ դրիբլինգ ունի, խելացի է ու ճարպիկ: 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Վալենսիան», «Պարի Սեն Ժերմենը»: Նա ամռանը մերժել էր «Քրիստալ Փելասին», քանի որ երազում է խաղալ «Միլանում»: Լուկասի գործակալը հայտարարել է, որ միլանյան ակումբին մնում է միայն պայմանավորվել «Սանտոսի» հետ, իսկ ֆուտբոլիստն ինքն ամեն վայրկյան պատրաստ է «Սան Սիրո» գնալ: 

Տյագո Մայա («Սանտոս»)
Դիրքը՝ կիսապաշտպան
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 35 խաղ, 2 գոլային փոխանցում

Վերջերս 19-ամյա ֆուտբոլիստը մերժեց «Զենիթին», թեև վերջինս արդեն համաձայնության էր եկել «Սանտոսի» հետ: Տյագոն ցանկանում է թոփ-առաջնությունում խաղալ: Նրանով հետաքրքված են «Նապոլին», «Մոնակոն», «Պարի Սեն Ժերմենը», «Լիվերպուլն» ու «Շալկեն»: Այս զգուշավոր ֆուտբոլիստը փոխանցման բարձր որակ ունի, ուժեղ է հարձակման գծում, առաջին ու երկրորդ հարկի անհատական պայքարում: Նրա պես երիտասարդի համար ցանկացած ակումբ երջանիկ կլինի:

Ռոդրիգո Կայո («Սան-Պաուլու»)
Դիրքը՝ կենտրոնական պաշտպան
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 34 խաղ, 2 գնդակ, 1 գոլային փոխանցում

23-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են «Ինտերը», «Միլանը», «Զենիթը», «Մանչեսթեր Յունայթեդը»: Ռոդրիգոն լավ է դիրք ընտրում, հիանալի է խաղում օդում և անհատական պայքարի ժամանակ: Պետք է առանձնացնել հատկապես խաղը կարդալու նրա ընդունակությունը. հիանալի է աշխատում գնդակը խլելիս, ուժեղ է նաև առաջին փոխանցման ժամանակ: Երիտասարդ պաշտպանը «Սան-Պաուլուի» ամենապահանջված ֆուտբոլիստն է, հետևաբար նրա տրանսֆերը կլորիկ գումար կարժենա:

Սեսիլիո Դոմինգես («Սերրո Պորտենյո»)
Դիրքը՝ վինգեր
Մրցաշրջանի վիճակագրությունը՝ 42 խաղ, 26 գոլ

Ինչպես բոլոր լավ վինգերները, այնպես էլ Սեսիլիոն ճարպիկ է ու արագաշարժ, բայց դրիբլինգի ու արագության փոխարեն նրա մոտ արդյունավետությունն է ավելի զարգացած: 22-ամյա ֆուտբոլիստը միշտ ազատ տարածություն է փնտրում ու դեպի դարպասը շարժվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Պարագվայի ակումբը բանակցում է «Չելսիի» հետ: Կոնտեն կարծում է, որ խոստումնալից ֆուտբոլիստն արդեն հիմա կարող է օգտակար լինել իր թիմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում