NBA. Մրցաշրջանում առաջին անգամ կայացել է չեմպիոնության ֆավորիտների միջև խաղը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի է ունեցել չեմպիոնության գլխավոր ֆավորիտներ, նախորդ երկու եզրափակիչների մասնակիցներ «Կլիվլենդի» ու «Գոլդեն Սթեյթի» միջև մրցավեճը:

Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «Ուորիորզը» հաշվի մեջ առաջ է եղել, սակայն մրցակցին թույլ է տվել խաղավերջում հաղթանակ կորզել: Խաղավարտից 1 րոպե 15 վայրկյան առաջ Ստեֆեն Կարին հեռահար նետմամբ կալիֆորնիացիներին կրկին առաջ է մղել՝ 108:105: Սակայն հետագա ընթացքում «Կլիվլենդի» խաղարկող Կայրի Իրվինգը երկու անգամ 2 միավոր է վաստակել՝ վերջինն անելով խաղավարտից 3 վայրկյան առաջ:

Վերջին գրոհի նետման իրավունքը տրվել է Կևին Դյուրանտին, ով մրցակցի հետ բախվելուց հետո ընկել է հատակին և չի կարողացել արդյունավետ նետում կատարել: Արդյունքում, «Կլիվլենդը» հաղթել է 109:108 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Դյուրանտը, ով վաստակել է 36 միավոր և տիրել 15 անդրադրձի: «Կավսի» առաջատար Լեբրոն Ջեյմսն իր հաշվին գրանցել է 31 միավոր ու 13 անդրադարձ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում