Անդրե Սպայթ Մկրտչյանը և Աննա Ասլանյանը՝ Հայաստանի լավագույն բասկետբոլիստներ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2016 թվականի լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն: Հարցմանը մասնակցել են մարզական լրագրողները:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը, ով հուլիսին Մոլդովայում ճանաչվեց փոքր երկրների Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող: Երկրորդ տեղը զբաղեցրել է հավաքականի ավագ Զարեհ Զարգարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բրայանտ Դանստոնը:

Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, ով Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում հաջող հանդես եկավ հուլիսին Թբիլիսիում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Երկրորդ տեղում է հայտնվել Դիանա Ռամազյանը, իսկ եռյակը եզրափակել է Վիկտորիա Տոնոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում