Կյանքից հեռացել է Աշոտ Անաստասյանը

52 տարեկան հասակում մահացել է շախմատի Հայաստանի բազմակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը,- տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աշոտ Համլետի Անաստասյան ծնվել է 1964 թ. հուլիսի 10-ին: Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005 թվականներին, վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին՝ 1992, 1994, 1996, 1998, 2000, 2002 թվականներին:

1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր), 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)։
1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։

2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում