«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սանդերլենդին», Հենրիխ Մխիթարյանը՝ ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Սանդերլենդին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։

«Boxing  Day»-ի շրջանակում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ, սակայն հյուրերը պարբերաբար վտանգավոր հակագրոհներ էին կազմում։ Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Դեյլի Բլինդը։

Մյուս գոլերն արձանագրվեցին խաղավարտին մոտ․ 82-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց առավելությունը, 4 րոպե անց «կարիճ հարվածով» հրաշալի գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, իսկ «Սանդերլենդից» 91-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ֆաբիո Բորինին։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել իր թիմի հայտացուցակում և խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին՝ փոխարինելով Ջեսի Լինգարդին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 33 միավոր և շարունակում է զբաղեցնել 6-րդ հորիզոնականը, իսկ «Սանդերլենդը» մնաց 14 միավորով՝ 18-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ»՝ 3։1
Գոլերը՝ Բլինդ 39՛, Իբրահիմովիչ 82՛, Մխիթարյան 86՛ – Բորինի 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում