«Չելսին» հաղթեց «Սթոք Սիթիին» և կրկնեց «Արսենալի» ռեկորդը (տեսանյութ)

Անգլիայի ընթացիկ առաջնության առաջատար «Չելսին» տարին հաղթանակով ավարտեց։

19-րդ տուրում Անտոնիո Կոնտեի թիմը հյուրընկալեց «Սթոք Սիթիին» և առավելության հասավ 4։2 հաշվով։ Հաշիվը 34-րդ րոպեին բացեց Գարի Կեյհիլը, իսկ մյուս գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում։ 46-րդ րոպեին Բրունո Մարտինս Ինդին վերականգնեց հաշվի հավասարությունը, 57-րդ րոպեին Վիլիանն առաջ մղեց «Չելսիին», 64-րդ րոպեին Պիտեր Կրաուչը հաշիվը դարձրեց 2։2, ապա իր երկրորդ գոլը խփեց Վիլիանը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Դիեգո Կոստան։

«Չելսիի» համար այս հաղթանակն Անգլիայի Պրեմիեր լիգայում 13-րդ անընդմեջն էր։ Այսպիսով, «ազնվականները» կրկնեցին «Արսենալի»՝ ԱՊԼ-ի մեկ խաղարկության ընթացքում անընդմեջ հաղթանակների քանակով ռեկորդը։

Այս հաղթանակից հետո «Չելսին» 49 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Սթոք Սիթին» մնաց 21 միավորով՝ 14-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Չելսի» – «Սթոք Սիթի»՝ 4։2
Գոլերը՝ Կեյհիլ 34՛, Վիլիան 57՛, 65՛, Կոստա 85՛ – Ինդի 46՛, Կրաուչ 64՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում