«Մանչեսթեր Յունայթեդը» խաղավերջում կամային հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Միդլսբրոյին» և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց:

Առաջին կեսում Ժոզե Մոուրինյուի սաներն ահռելի առավելություն ունեին, սակայն չկարողացան գրավել դարպասը: «Կարմիր սատանաների» հարվածներից հետո գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին: Դրրանցից մեկը Պոգբայի շրջադարձ հարվածից հետո էր, ում փոխանցում էր կատարել Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ կեսի սկզբնամասում տանտերերը համեմատաբար պասիվ էին, ինչից օգտվեց Այտոր Կարանկայի թիմը և բացեց խաղի հաշիվը: 67-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիայից հետո Նեգրեդոն գլխի փոխանցմամբ հարվածային դիրք դուրս բերեց Լեդբիթերին, ով դիպուկ հարվածով գրավեց դարպասը:

Մոուրինյուն փոխարինումների շնորհիվ ակտիվացրեց թիմի խաղը, և «Մանչեսթեր Յունայթեդը» պաշարեց Վիկտոր Վալդեսի դարպասը: Այդպես շարունակվեց մինչև 85-րդ րոպեն, երբ Իբրահիմովիչի փոխանցումից հետո Մարսիալը մոտ տարածությունից շանս չտվեց կատալոնացի դարպասապահին: Ընդամենը մեկ րոպե անց տանտերերը հաղթանակ կորզեցին: Խուան Մատայի բարձրից փոխանցումից հետո Պոգբան գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակից դարպասի աջ վերին անկյունը:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 36 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին»: «Միդլսբրոն» 16 միավորով մնաց 16-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում