Կոուտինյոն՝ 2016 թվականին Եվրոպայում հանդես եկած բրազիլացի լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ճանաչվել է Եվրոպայում հանդես եկող բրազիլացի լավագույն ֆուտբոլիստ, և արժանացել «Samba Foot» մրցանակին։

24-ամյա խաղացողը ստացել է քվեարկության մասնակիցների 32,13 տոկոս ձայները և առաջ է անցել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարից (27,88 տոկոս), ում շնորհիվ Բրազիլիայի հավաքականը պատմության ընթացքում առաջին անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն: Երրորդ տեղում է հայտնվել «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն (13,35 տոկոս):

Քվեարկությանը մասնակցել են բրազիլացի լրագրողներ, նախկին ու ներկայիս ֆուտբոլիստներ, ինչպես նաև երկրպագուներ: Լրագրողների ու ֆուտբոլիստների հաշվարկում առաջատարը եղել է կատալոնական թիմի հարձակվողը, սակայն երկրպագուների քվեարկությունում «Լիվերպուլի» առաջատարն ահռելի առավելություն է ունեցել և արդյունքում հաղթել է: 

Նախորդ երկու տարիներին «Samba Foot»-ին արժանացել էր Նեյմարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում