Կլոպ․ Շուտով Կոուտինյոն խաղադաշտ կվերադառնա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու հնարավորությունները։ Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել նոյեմբերի 29-ին կայացած «Սանդերլենդի» հետ խաղում (2:0) և մինչ օրս խաղադաշտ դուրս չի եկել։

-Կարծում եմ՝ Ֆիլը շատ շուտով կազմ կվերադառնա, բայց պետք է հասկանալ, որ այժմ խոսքը րոպեների ոչ թե ամբողջական խաղի մասնակցելու մասին է։ Նա բացակայել է 6-7 շաբաթ․ դա երկար ժամանակահատված է։ Այս պահի դրությամբ «Սաութհեմփթոնի» դեմ խաղի կազմի հետ կապված վերջնական որոշում չեմ կայացրել։ Այսօր Կոուտինյոն ապաքինումից հետո երրորդ լիարժեք մարզումն է անցկացրել, իսկ վաղը կանցկացնի չորրորդը։ Տեսնենք,- Կլոպի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հավելենք՝ հունվարի 11-ին կայանալու է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում