Ռոնալդու․ Շատ ցավալի է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն այսօր ներկա չէին

ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացած Կրիշտիանու Ռոնալդուն Ցյուրիխում կայացած մրցանակաբախությունից հետո շնորհակալական խոսք է ասել և ցավով նշել է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն մասնակցել հանդիսավոր արարողությանը։

-Հիանալի է։ Ինձ համար սա առաջին հաղթանակը չէ, սակայն առաջին անգամ եմ միայն ՖԻՖԱ-ի կողմից լավագույնը ճանաչվում։ Շատ ուրախ եմ։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, ակումբիս՝ «Ռեալին», մարզիչներիս։ Շնորհակալ եմ ընտանիքիս, եղբորս, մայրիկիս, բոլորին։ 2016 թվականը կարիերայիս լավագույն տարին էր։ Որոշ կասկածներ ունեի, սակայն տիտղոսներն արտահայտում են իմ հաջողությունները։ Կարևոր տիտղոսներ նվաճելուց հետո կասկածները վերացան։ Հիանալի տարի էր ինչպես անձնական, այնպես էլ մարզական տեսանկյունից, և ես այն երբեք չեմ մոռանա։

Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին՝ թիմերի ավագներին, լրագրողներին, երկրպագուներին։ Առանձնապես ավելացնելու խոսք չունեմ, ամեն ինչ առանց այդ էլ խոսուն է։ Շատ ցավալի է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչներն այսօր ներկա չէին, բայց դա հասկանալի է։ Բոլորին շնորհակալ եմ,- ասել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չէին ժամանել Ցյուրիխ, որպեսզի պատրաստվեն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղին։ «Բարսելոնան» ներկայացուցիչներ ուներ տարվա խորհրդանշական հավաքականում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում