2016 թվականի ֆուտբոլային լավագույն սաունդթրեքերը

Հիշենք 2016 թվականին մեծապես երկրպագուների շնորհիվ հայտնի դարձած երգերը, որոնք ֆուտբոլային տարին ավելի հետաքրքիր դարձրին։

Don’t take me home!

Տարվա գլխավոր մրցաշարը Եվրոպայի առաջնությունն էր։ Սա էլ առաջնության գլխավոր երգն է: Բրիտանացի երկրպագուները ճիչը՝ Ֆրանսիայի առաջնության ոչ պաշտոնական սաունդթրեք, որը միլիոն անգամ հայտնի է Դևիդ Գետայի պաշտոնական սաունդթրեքից:

Եվրո-2016-ի հիմնը

Անգլիացի, ուելսցի, իռլանդացի, հյուսիսիռլանդացի երկրպագուների երգն արագորեն հարազատ դարձավ նաև մյուս երկրների երկրպագուների համար: Արդյունքում այն կատարեցին բոլորը՝ պորտուգալացիներից մինչև ալբանացիներ: Երկրպագուներն իրար վարակում էին, ու դա իրոք հիասքանչ էր: Չնայած երգի բառերին՝ բրիտանացի գրեթե բոլոր երկրպագուներին շատ արագ «տուն ուղարկեցին», միայն ուելսցիները մնացին գրեթե մինչև եզրափակիչ:

Don’t take me home
Please don’t take me home
I just don’t want to go to work
I wanna stay here
Drink all your beer
Please don’t take me home. 

«Ուիլ Գրիգը կրակի մեջ»

Բրիտանացիները Եվրոպայի առաջնության ժամանակ ևս մեկ երգ ներկայացրին: «Ուիգանի» ու Հյուսիսային Իռլանդիայի հարձակվող Ուիլ Գրիգի մոլի երկրպագու Շոն Քենեդին կատարում նվիրեց իր սիրելի ֆուտբոլիստին ու այն 2016-ի մայիսի 7-ին տեղադրեց «YouTube»-ում: 

Երկրպագուները նոր բառերը հարմարեցրին Գալա Ռիցատոյի 1990-ականների հայտնի «Freed drom Desire» երգի երաժշտությանը, ապա Քենեդին տեսախցիկի առաջ ինքնուրույն կատարեց այն: Տեսանյութը վայրկենապես ողողեց համացանցը: Տեքստը շատ պարզ է. «Նա գոլեր կխփի, կխփի ավելի ու ավելի շատ: Նա գոլեր կխփի։ Հենց դրա համար ենք նրան ձեռքբերել: Ուիլ Գրիգը կրակի մեջ է, իսկ ձեր պաշտպանությունը՝ սարսափի»:

Հարձակվողն այդպես էլ ոչ մի րոպե առաջնությունում չխաղաց, բայց հենց նրա անունն էին երկրպագուներն առավելապես վանկարկում: Օրինակ՝ Գերմանիայի դեմ խաղում երկրպագուներն 90 րոպե հնչեցրին այդ կատարումը: Խաղից առաջ լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե Մաթս Հյումմելսը չի՞ վախենում Ուլի մասին գրված երգից: Գերմանացին պատասխանել էր, որ ինքն էլ սիրում է այդ կատարումը. «Ինձ այդ երգը շատ է դուր գալիս, նույնիսկ դիտել եմ տեսահոլովակը»:

Երգը վարակեց նաև ֆուտբոլային հեղինակությունների: «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան բրիտանական հեռուստաընկերության համար նկարահանված տեսանյութերից մեկում կատարեց Ուիլ Գրիգի մասին երգը:

Պարզապես «Հու»

Սա իհարկե երգ չէ, բայց յուրահատուկ սաունդթրեք է ու պատկանում է 2016-ի լավագույն հեքիաթներից մեկին: Անկեղծ ու կրքոտ իսլանդական հավաքականը Եվրոպայի առաջնության ժամանակ անսպասելիորեն հասավ մինչև 1/4 եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով անգլիացի միլիոնատերերին:

Իսլանդացիներին ամբողջ աշխարհը սիրեց ու ոչ միայն խաղի, այլ երկրպագուների նկատմամբ հիասքանչ վերաբերմունքի համար: Սիգուրդսոնն ու թիմակիցներն ամեն խաղից հետո անպայման մոտենում էին երկրպագուներին ու նրանց հետ կատարում էին «վիկինգների ձայները»: Պետք է նշել, որ առանց դրա էլ իսլանդացիների մարտական պատրաստվածությունը կասկածի տակ չէր։

«Fire»

2016-ի գլխավոր հեքիաթը մեզ «Լեսթերը» նվիրեց: Թիմը վերցրեց ու հաղթեց Անգլիայի առաջնությունում: Դա այն դեպքում, երբ մրցաշրջանի մեկնարկին շատերը կանխատեսում էին «Լեսթերի»՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալը: 

Չեմպիոնությունն անհնար կլիներ առանց ֆուտբոլիստների տրամադրվածության: Դրան մեծապես նպաստել է հայտնի «Kasabian» խմբի «Fire» երգը: Խմբի անդամները «Լեսթերի» երկրպագուներ են, դրա համար էլ ընտրությունը հենց այդ երգի վրա է կանգնել: Արդյունքում երգը դարձել է լեսթերյան հաջողության օրհներգը:

«Ես ֆուտբոլիստներին ասացի. «Երբ դաշտ դուրս գաք, կլսեք այս երգը: Դա նշանակում է, որ դուք մարտիկներ պետք է դառնաք ու պայքարեք մինչև վերջ»»,-ասել է Կլաուդիո Ռանյերին:

«Օլե օլա»

Եվրո-2016-ն անցյալում է, իսկ Մունդիալ-2018-ը՝ առջևում: Մունդիալի ընթացքում, հավանաբար, երգերի պակաս չի լինի։ Օրինակ՝ տատիկների․․․ «Բուրանովյան տատիկների» «Օլե օլա» երգը։

Եվրատեսիլ 2012-ի արծաթե մեդալակիրները վերոնշյալ երգի տեսահոլովակն են թողարկել ու այն նվիրել Մունդիալ 2018-ին: Ռուսաստանի առաջնության՝ «Կռիլյա Սովետով»-ԲԿՄԱ (1:2) խաղի մեկնարկից 30 րոպե առաջ տատիկները ներկայացրին իրենց ֆուտբոլային երգը: Արտասահմանցի երկրպագուներին երգը դո՞ւր կգա, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ, բայց ռուս երկրպագուներն այն հավանել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում