Բաց թողած 2 գոլ վերջին րոպեներին. «Ատլետիկոն» պարտվել է, բայց մտել է ¼ եզրափակիչ (տեսանյութ)

Բաց թողած 2 գոլ վերջին րոպեներին. «Ատլետիկոն» պարտվել է, բայց մտել է ¼ եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում տեղի է ունեցել «Ատլետիկո» – «Լաս Պալմաս» դիմակայության պատասխան հանդիպումը: Մադրիդցիներն առաջին խաղում 2:0 հաշվով առավելության էին հասել, սակայն «Վիսենտե Կալդերոնում» 2:3 հաշվով պարտություն են կրել:

Ուշագրավ է, որ բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: Հաշիվը բացել է Անտուան Գրիզմանը, ով Նիկոլաս Գայտանի փոխանցումից հետո գրավել է գրեթե դատարկ դարպասը: Քիչ անց Մարկո Լիվայան անհատական անցում է ձեռնարկել, շրջանցել է Դիեգո Գոդինին, մտել է տուգանային հրապարակ և շեշտակի հարվածով հավասարացրել հաշիվը: Ընդամենը 4 րոպե անց (61-րդ րոպե) Անխել Կորեան օգտվել է հյուրերի ավագ Դավիդ Գարսիայի դիրքային կոպիտ սխալից և դարպասապահի ոտքերի արանքով գրավել է դարպասը:

Խաղավերջում «Ատլետիկոն» թուլացրել է կենտրոնացվածությունը և կղզաբնակ թիմը կարողացել է հաղթանակ կորզել: 89-րդ րոպեին Խուանֆրանի սխալից հետո Մատեո Գարսիան օգնել է Լիվայային հեշտ գոլ խփել, իսկ արդեն մրցավարի կողմից ավելացրած ժամանակում հենց նա գրավել Միգել Անխել Մոյայի դարպասը:

«Ատլետիկոն» պարտվել է, սակայն ընդհանուր հակամարտությունում հաղթելով 4:3 հաշվով, մտել է քառորդ եզրափակիչ:

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ատլետիկո» – «Լաս Պալմաս»՝ 2:3 (առաջին խաղում 2:0)
Գոլերը՝ Գրիզման (49՛), Կորեա (61՛) – Լիվայա (57՛, 89՛), Գարսիա (90+3՛)

Հետևեք մեզ նաև Telegram-ում