Ինչո՞ւ հետևել Աֆրիկայի գավաթին

Ինչո՞ւ հետևել Աֆրիկայի գավաթին

Կես տարի է անցել Եվրոպայի առաջնությունից: Դրանից հետո ֆուտբոլը զարդարել են միայն ազգային առաջնություններն ու տարբեր մրցաշարերի նախընտրական փուլերը: Հատկապես հիմա, երբ ամբողջ աշխարհում հետտոնական դեպրեսիա է, ինչ-որ նոր ու կարևոր բան է պետք: Այդ թարմ օդը կարող է Աֆրիկայի գավաթը դառնալ: 

Եվրոպայի առաջնության անալոգն այնքան էլ հանրահայտ չէ աշխարհում, քանի որ շատերի համար բարձրակարգ ֆուտբոլը եվրոպական երկրներից է սկսվում: Տակտիկական գրեթե բոլոր նորությունները կապված են Հին աշխարհի ու երբեմն նաև Լատինական Ամերիկայի հետ, իսկ Աֆրիկա՞ն: Մի՞թե այն լոկ մատակարար է աշխարհի առաջատար ակումբների համար: Որքան էլ ցավալի է ընդունել, բայց վերջին տարիներին ամեն ինչ հենց այդպես է։

«Երբ Աֆրիկայից Եվրոպա ես գնում, միանգամից աչքդ ծակում է տակտիկական տարբերությունը: Սկզբում աֆրիկացիները չեն կարողանում հարմարվել տակտիկային, քանի որ հայրենիքում դրան հատուկ նշանակություն չի տրվում»։

Սենեգալի հավաքականի խաղացող Շեյք Նդոյեի կարծիքն անշուշտ կկիսեն Սև մայրցամաքի բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր հնարավորություն են ունեցել խաղալու եվրոպական ֆուտբոլում: Աֆրիկական ֆուտբոլ դիտելիս տակտիկան վերջին բանն է, որի մասին մտածում ես: Սա ոչ թե տակտիկական նորարարությունների, այլ վառ անհատականությունների շքերթ է:

Հիմա էլ տեսնելու բան կա: Գործող չեմպիոն, Զամբիայի ու Կոտ-դ՛Իվուարի հետ գավաթը նվաճած Էվրե Ռենարն այս անգամ Մարոկոյի հավաքականի հետ է աշխատելու: Ֆուտբոլային տեսանկյունից սա հավանաբար ամենաբարդ թիմերից է. ոչ բոլոր ֆուտբոլիստներն են արաբերենին տիրապետում ու ոչ բոլորի հետ կարելի է ֆրանսերենով հաղորդակցվել: Մարոկացիները լավ կադրեր ունեն, օրինակ՝ Բենատյան, Բուսուֆան, Ամրաբատը, Էլ Ահմադին, բայց կկարողանա՞ն միասնական ուժ դառնալ ու հասնել վերջնագծին: Նախկինում դա անլուծելի խնդիր է եղել, դրա համար էլ Էվրայի առաջ մարտահրավեր է դրված:

Առաջնության ինտրիգները շատ են, դրանց դեռ կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։ Հիմա կանգ առնենք Աֆրիկայի գավաթն ընդունող երկրի վրա: Մրցաշարը Գաբոնում է անցկացվելու։ Այն ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աշխարհում ամենաանապահով երկրներից է: 2010-ի սեպտեմբերին հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն էր, բայց Գաբոնի անունն այնտեղ չկար՝ Մարոկո, Կոնգո և ՀԱՀ: Առաջինին հասավ 2015-ի, իսկ վերջինին՝ 2017-ի առաջնությունը:

Աֆրիկայի 2013 թվականի գավաթը պետք է Լիբիայում կայանար, բայց կոնֆլիկտի պատճառով տեղափոխվեց ՀԱՀ: Լիբիացիները 2017-ի առաջնությունն ընդունելու թույլտվություն ստացան, սակայն իրենց ներքին խնդիրները չլուծելու հետևանքով այն կրկին կորցրին 3 տարի առաջ: Դրա հետ կապված, 2014-ի օգոտոսին նոր երկիր ընտրելու համար քվեարկություն անցկացվեց: Գաբոնը, որ 2012-ին Հասարակածային Գվինեայի հետ արդեն իսկ ընդունել է առաջնությունը, 7 թեկնածուների շարքում էր և առաջ անցավ մյուսներից։ 

Երկիրը 5 խաղադաշտ էր նախատեսել հատկացնել առաջնությանը, բայց քանի որ «Օմար Բոնգո Ստադիոնը» ժամանակին բացել չհաջողվեց, մնացին 4-ը: 45 հազար հանդիսական տեղավորող «Ստադ դ՛Անգոնջեն» կընդունի առաջին ու եզրափակիչ խաղերն այնպես, ինչպես 5 տարի առաջ: Հետաքրքիր է մարզադաշտի մյուս անունը՝ «Չինա-գաբոնական ընկերության ստադիոն»: Ինչպես արդեն հասկացաք, մարզադաշտը չինացիների նվերն է աֆրիկացիներին:

Սեփական երկրպագուների բուռն աջակցությամբ Գաբոնի հավաքականը դիտարկվում է որպես առաջնության ֆավորիտ, որը պայքարը սկսելու է Աֆրիկայի գավաթի եզրափակիչ փուլում նախկինում երբևէ չհայտնված Գվինեա Բիսաուի համեստ թիմի դեմ խաղով: Գաբոնը հաղթանակի հասնելու համար նաև առաջնորդ ունի․ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ մեծ հույսեր են կապում: Սակայն մրցաշարի յուրահատկություններից է այն, որ այստեղ ֆավորիտների մասին շատ չեն բարձրաձայնում, քանի որ հետնապահները հանգիստ կարող են առաջին հորիզոնականում հայտնվել: Հարցրեք Կոտ-դ՛Իվուարի հավաքականի ֆուտբոլիստներին․ թիմը տասնյակ տարիներ ֆավորիտի կարգավիճակում էր, բայց գավաթին տիրանալ չէր կարողանում: Կամ Ալժիրին, որը պարբերաբար պայքարից դուրս էր մնում կարգով ցածր համարվող հավաքականների ջանքերով։

Ինչո՞ւ հետևել Աֆրիկայի գավաթի խաղարկությանը

Աստղեր

Անգլիայի Պրեմիեր լիգայից Աֆրիկայի գավաթին մասնակցելու է ավելի քան 20 ֆուտբոլիստ, Ֆրանսիայի առաջնությունից՝ մոտ 30, Բունդեսլիգայից, Լա Լիգայից ու Ա Սերիայից՝ 10-ական։ Մոտ 80 թոփ-ֆուտբոլիստ մեկնելու է հարազատ մայրցամաք։ Օբամեյանգ, Մարեզ, Սալահ, Մանե․․․ Նրանց խաղին հնարավոր կլինի հետևել՝ դիտելով Աֆրիկայի գավաթի խաղերը։

Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցելու է 16 հավաքական՝ ընդգրկված 4 խմբերում։ Սենեգալը Մանեի գլխավորությամբ խաղալու է Ալժիրի հետ, որտեղ կփայլեն «Լեսթերի» հարձակման գծի ֆուտբոլիստները։ Այու եղբայրները Գանայի հավաքականի կազմում կպայքարեն Սալահի Եգիպտոսի դեմ։ Այո, եվրոպական մի շարք ակումբներ ժամանակավոր կորցնելու են իրենց առաջատարներին, այնպես որ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանը կարող է սովորականից ավելի ակտիվ լինել։

Տարբերվող ֆուտբոլ

Աֆրիկան ու աֆրիկացի ֆուտբոլիստները միշտ տարբերվել են ֆուտբոլային աշխարհում։ Օրինակ՝ հիշեք, թե ինչպես էին Գանայի հավաքականի ֆուտբոլիստները մեծ պարգևներ պահանջում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Գավաթի մեկնարկից առաջ էլ նոր սկանդալ հասունացավ․ մի շարք ֆուտբոլիստներ հրաժարվեցին մեկնել Աֆրիկա․ օրինակ՝ Մատիպն ու Նյոնը, որոնց շատ է դուր գալիս ԱՊԼ-ում խաղալը։ Գավաթի խաղարկությանը մասնակցությունից հրաժարվելու համար այս ֆուտբոլիստները կարող են որակազրկվել ՖԻՖԱ-ի կողմից, իսկ նրանց ակումբները՝ տուգանվել։

Աֆրիկյան խաղաոճը ևս շատ հետաքրքիր է։ Այստեղ ֆիզիկական պատրասվածությամբ, դիմացկունությամբ կամ արագության ոչ ոքի չես զարմացնի, դրա համար էլ գոլերը մեծապես արձանագրվում են սխալների արդյունքում։

«Բարդ է հաղթել, բայց հաջողության հասնելու բանալին հայտնի է բոլորին։ Այստեղ շատ կարևոր է պաշտպանությունում հուսալի խաղալ ամբողջ հանդիպման ընթացքում»,- ասում է Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Սաֆիր Տաիդիրը։

Տրանսֆերային իրարանցում

Ոչ բոլոր ֆուտբոլիստներին է հնարավոր գտնել «Football Manager»-ի կամ սկաուտական բազաների շնորհիվ։ Աֆրիկայի գավաթը պոտենցիալ նորեկների գտնելու համար հիանալի հնարավորություն է։ Այստեղ բոլորը ցանկանում են աչքի ընկնել, ոչ ոք ջանք չի խնայում՝ երազելով եվրոպական թոփ-ակումբներ տեղափոխվելու մասին։ Հետևելով առաջնությանը՝ հնարավոր է գտնել նոր տաղանդներ և կանխատեսել տեղափոխություններ։

Այլընտրանք չկա

Միայն ազգային առաջնություններին հետևելով՝ ֆուտբոլային քաղցը չես հագեցնի։ Եվրագավաթային խաղերը վերսկսվելու են փետրվարին, իսկ ներքին առաջնություններում այս ընթացքում սկզբունքային հանդիպումների առատություն չի զգացվի։ Այնպես որ՝ եթե ցանկանում եք տեսնել խենթացնող մթնոլորտ տրիբունաներում, էկզոտիկ ֆուտբոլային պատմություններ, վառ անհատականություններ, ապա հունվարի 15-ից փետրվարի 5-ը Աֆրիկայի գավաթին հետևելուց բացի այլընտրանք չի մնում։ Բուռն զգացողություններն ու վառ տպավորությունները երաշխավորված են: 

Եվ վերջում․ այստեղ հրաշալի գոլերից հետո պարում են բոլորը 🙂

Հետևեք մեզ նաև Telegram-ում