Արթուր Նազարյան. Հայկական բասկետբոլին հետաքրքիր ու իրադարձային տարի է սպասում

Արթուր Նազարյան. Հայկական բասկետբոլին հետաքրքիր ու իրադարձային տարի է սպասում

Հայկական բասկետբոլի համար 2017 թվականը նորանկախ պատմության ընթացքում ամենահագեցածն է լինելու: Սպասվող իրադարձությունների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև «Ուրարտու» ակումբի ելույթների դադարեցման մասին Sport.Times.am-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ:

– Ի՞նչ ծրագրեր ունեք 2017 թվականի համար:

-Այս տարի Հայաստանն իր պատմության ընթացքում ռեկորդային թվով մասնակիցներ կունենա աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: 6 տարիքային հավաքականներ (տղամարդկանց և կանանց) կմասնակցեն մրցումներին: Եթե նայենք մյուս երկրների մասնակիցների թվին, ապա կտեսնենք, որ Հայաստանը նույնքան մասնակից ունի որքան մյուս բասկետբոլային առաջատար երկրները: Առավելագույնը 8 թիմ ներկայացնելու իրավունք ունենք: Մենք ներկայացված ենք լինելու տղամարդկանց 4 և կանանց 2 ընտրանիներով:

Սպասվում է բավական հետաքրքիր ու դժվար տարի, քանի որ յուրաքանչյուր հավաքական ունի իր առանձին նախապատրաստական փուլը և յուրահատկությունները: Չնայած խաղերը սկսվելու են ամռանը՝ մենք արդեն սկսել ենք աշխատանքները, ինչպես սելեկցիոն, այնպես էլ կազմակերպչական, որպեսզի կարողանանք լավ արդյունքներ ունենալ և պատվով ներկայացնել մեր երկիրը:
Վերջին տարիներին մասնակիցների թվի կայուն աճ ենք գրանցել: 2015 թվականին 2 թիմեր էին մասնակցում, 2016-ին՝ 4, իսկ այս տարի կլինի՝ 6: Մասնակցություն ասելով նկատի չունեմ, որ մեր թիմերը պարզապես գնան ու ներկա լինեն, այլ փորձեն դրական արդյունքների հասնել:

– Հավաքականները նախապատրաստական ինչպիսի՞ փուլեր են անցնելու, ընկերական խաղեր անցկացվելո՞ւ են:

-Յուրաքանչյուր հավաքականի դեպքում նախապատրաստական փուլը սկսվելու է մրցումներից 1-1․5 ամիս առաջ: Ներկայումս բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, ովքեր բասկետբոլի հետ կապ ունեն: Ցանկանում ենք Լոս Անջելեսում կամ նրա մերձակա քաղաքներից մեկում մեր մինչև 20 տարեկանների հավաքականի համար հավաք անցկացնել, քանի որ Մ-20 ընտրանու կազմի մեծ մասն ամերիկահայ բասկետբոլիստներ են, ովքեր հանդես են գալիս ԱՄՆ-ի ուսանողական լիգայում: Ավելի նպատակահարմար կլինի, որ նրանք մարզվեն ԱՄՆ-ում, սակայն խաղերից 7-10 օր առաջ պարտադիր պետք է գան Եվրոպա, որպեսզի առաջնային կլիմայափոխվեն և վերականգնվեն ուղևորությունից: Նաև ցանկանում ենք Երևանում անցկացնել մրցաշար կամ ընկերական հանդիպումներ և այդ կապակցությամբ մի քանի երկրների հետ բանակցություններ են ընթանում: Եթե հիշում եք, նախորդ տարի Իրանի հետ ստուգողական մրցավեճեր կայացան: Շատ բան կախված է նաև միջոցներից, եթե ֆինանսները ներեն, կփորձենք մրցաշար կազմակերպել «Միկայում», իսկ եթե ոչ, կփորձենք բավարարվել ստուգողական խաղերով:

– Հայաստանում նախապատրաստվող հավաքականները մարզվելու են միայն «Միկայո՞ւմ», թե՞ այլ դահլիճներ էլ կան:

-Կա նաև Օլիմպավանը, որն ունի նաև բասկետբոլային դահլիճ: Ընդհանուր առմամբ Հայաստանում կան բավական լավ պայմաններ: Հիմա կարևոր է հասկանալ՝ որքան ժամանակ ենք լինելու Հայաստանում, որովհետև այստեղ ավելի բարդ է գտնել ստուգողական խաղերի համար մրցակիցներ: Փորձը ցույց է տալիս, որ շատերը ձգտում են մեկ երկրում անցկացնել հավաքներ, որովհետև այնտեղ հեշտ է սփարինգ-մրցակից գտնել, իսկ Հայաստան 4-5 մրցակից հրավիրելը ռեալ չէ:

– Հայաստանի ազգային հավաքականի տնային խաղերը լինելու են Երևանում: Այդ կապակցությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվելու:

-Փետրվարի 1-2-ին Մյունխենում տեղի է ունենալու ժողով, որին ես պետք է մասնակցեմ: Այդ ժողովի ընթացքում քննարկվելու են հավաքականների խաղերի նոր մրցակարգը, որը նորություն է նաև ՖԻԲԱ-ի համար: Չափանիշները բավական խիստ են. պետք է համապատասխան լինեն մարզադահլիճները, գույքը, ինչպես նաև պետք է հստակեցվեն հեռուստատեսային իրավունքների հարցը: Ի տարբերություն ֆուտբոլի, որը ֆինանսական հսկայական եկամուտներ է ապահովում, բասկետբոլում այդ ծախսերը կատարում են ֆեդերացիաները: Այս պահին մշակվում է մեխանիզմ, որը ֆեդերացիաներին թույլ կտա մարքեթինգի միջոցով ինչ-որ գումարներ վաստակել, որը հնարավորություն կընձեռի ծածկել մեծ ծախսերը: Մենք անկախ ընտրական փուլի արդյունքներից շարունակելու ենք ելույթները: Եթե հաջորդ փուլ չմտնենք, խաղալու ենք B դիվիզիոնում, որի խաղերը կայանալու են նոյեմբերին: Այնպես որ՝ մեր տնային խաղերը 3-ից շատ են լինելու: Օրացույցներն այնպես են կազմված, որ ամբողջ տարվա ընթացքում մենք խաղեր են ունենալու:

Մեր գլխավոր խնդիրը կապված է լինելու ԱՄՆ-ում հանդես եկող հայ բասկետբոլիստներին տարվա օրացույցային բոլոր պատուհաններին հրավիրելու հետ, որովհետև նրանք աշնան կեսերից մինչև գարնան վերջ մասնակցելու են ակումբային մրցաշարերին: Ի դեպ, այդ խնդիրը բոլոր եվրոպական երկրներն ունեն:

– «Ուրարտուում» հիմնականում ընդգրկված էին Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները: Թիմը դադարեցրեց ելույթները: Այդ խաղացողներն իրենց համար նոր ակումբներ գտա՞ն:

– Արտասահմանցիները շատ արագ նոր թիմեր գտան: Թոդ Օ’Բրայանը Լիբանանում է խաղում, Թերի Սմիթն Իսպանիայի բարձրագույն խմբի «Հովենտուդում», Արիզոնա Ռեյդը հանդես է գալիս Ֆրանսիայում: Ինչ վերաբերվում է Հայաստանի հավաքականի թեկնածուներին՝ Վիկտոր Ուսկովն ավարտեց կարիերան և անցավ մարզչական աշխատանքի, իսկ մյուսները դեռ իրենց համար նոր թիմեր չեն գտել: Դեկտեմբերին դա անելը շատ բարդ էր, բոլորը հիմա փնտրտուքների մեջ են: Մենք նույնպես փորձում ենք հայազգի մի քանի գործակալների միջոցով օգնել նրանց: Այս ընթացքում իրավիճակը փոխվել է, զգալիորեն ակտիվացել են Ամերիկայում հանդես եկող մեր հայրենակիցները, ովքեր ցանկանում են խաղալ հավաքականում: Մենք կարծում էինք, որ «Ուրարտուն» կլինի ազգային ընտրանու կորիզը, սակայն, հնարավոր է, այդ ակումբից 2-3 խաղացողներ լինեն: Մրցակցությունը զգալիորեն մեծացել է:

Մենք նախկինում չունեինք հավաքական, բայց աշխատանք կատարեցինք, ստեղծեցինք թիմ, որը հաղթեց Փոքր երկրների առաջնությունը, և այժմ շատ բասկետբոլիստներ ցանկանում ենք միանալ մեզ: Այդ պատճառով մրցակցությունը մեծացել է, և ոչ մեկ չի կարող երաշխավորել, թե ով կլինի հավաքականում: Պետք է ճիշտ սելեկցիոն աշխատանք կատարենք և ընտրենք այդ պահին լավագույն մարզավիճակում գտնվողներին:

– Պետության տրամադրած գումարը որքանո՞վ է բավարարում հոգալ ընդհանուր ծախսերը։

-Պետությունը, ինչպես նախկինում, տարեկան տրամադրում է 18 միլիոն դրամ, որը հիմնականում ծախսվում է Հայաստանի պատանեկան առաջնությունների անցկացման վրա: Մնացած միջոցները փորձում ենք հայթայթել տարբեր տեղերից, որը, ցավոք սրտի, շատ բարդ գործընթաց է: Փաստացի, բացի Օլիմպիական կոմիտեից, ոչ մեկ նախորդ տարի չի աջակցել բասկետբոլի հավաքականներին: Չեմ կարծում, թե դա առաջին հերթին երկրի տնտեսական վիճակի հետ է կապված: Պարզապես դեռ մեր երկրում չի ձևավորվել այն մշակույթը, որ կարևորվի սպորտի նշանակությունը մարդկանց մոտ, և նրանք փորձեն աջակցություն ցուցաբերել դրա զարգացմանը: Տեսնում ենք, որ Հայաստանի խոշոր հարկատուներից շատ քչերն են սպորտի կողքը կանգնած: Ամեն դեպքում դժվարություններից չենք ընկճվում և փորձում ենք դրանք հաղթահարել, քանի որ բասկետբոլում շատ մեծ ներուժ ունենք և սխալ կլինի այդ ներուժը չօգտագործել:

– Տեսանք, որ «Ուրարտուի» տնային խաղերին մեծ թվով երկրպագուներ էին գալիս, այդ խաղերը հեռարձակվում էին Հանրային հեռուստաընկերությամբ, նույնը նաև հավաքականի հանդիպումները։ Այդ ամենը ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ բասկետբոլով հետաքրքրվողների ու զբաղվողների շրջանում, ամփոփիչ տվյալներ կա՞ն։

-Մեծ տեղաշարժ եղավ Սփյուռքում: Սկսեցին հայկական բասկետբոլին ավելի լուրջ վերաբերվել, ավելի շատ վստահել, որովհետև երկար տարիներ կտրված ենք եղել միջազգային ասպարեզից: Շատ ժամանակ սփյուռքահայ բասկետբոլիստները չէին հասկանում ինչ հրավերի մասին է խոսքը, եթե մենք չենք մասնակցում կամ հազվադեպ ենք մասնակցել մրցումներին: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում մեծ ընդմիջումներով են ելույթներ եղել, սակայն միայն վերջին 2-3 տարիներին են սկսվել կայուն մասնակցույթունները: Նշեմ, որ սպասվածից ավելին էր բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը, որովհետև մենք գրեթե գովազդ չենք արել, բայց դահլիճը միշտ լեփ-լեցուն է եղել: Սոցցանցերում քննարկումներ ու հարցումներ են անցկացվում, մարդիկ հետաքրքրվում էին՝ ե՞րբ է լինելու խաղը, որտե՞ղ, ժամը քանիսի՞ն․․․ Բասկետբոլիստների հանդեպ էլ հետաքրքրությունը մեծացել է:

Ցավոք, մենք չունենք պրոֆեսիոնալ ակումբներ: Եթե լինեին, այդ հետաքրքրությունը նաև նրանց վրա կարտացոլվեր: Երկրում այդ հետաքրքրությունը ներկայումս պահպանվել է: Վերջերս Google-ով նայեցի, թե Հայաստանի որ մարզաձևերն են որոնվում և պարզվեց, որ բասկետբոլը ֆուտբոլի ու ըմբշամարտի հետ միասին լավագույն եռյակում է: Դա ինչ-որ բանի մասին խոսում է: Ազդեցությունը նաև մեդիայի վրա եղավ: Օրինակ՝ Փոքր երկրների առաջնությունից առաջ հավաքականի գլխավոր մարզչից 2-3 հարցազրույց վերցնող եղավ, իսկ Մոլդովայից վերադառնալուց հետո, Զվարթնոց օդանավակայանում ներկա էին մոտ երկու տասնյակ լրատվամիջոցներ: Եղան ընդունելություններ ամենաբարձր մակարդակով:

– «Ուրարտուի»՝ ռուսական Սուպերլիգայից դուրս գալու պատճառներից նշվել էր ֆինանսական խնդիրների առկայությունը։ Դուք խոսեցիք բասկետբոլով հետաքրքրվողների թվի աճի մասին: Չե՞ք կարծում, որ եթե երևանյան թիմը լիներ փլեյ-օֆֆ գոտում հնարավոր կլիներ հովանավոր գտնել և կանխել մրցաշարից դուրս գալը:

-Սուպերլիգայից դուրս գալն այնքան ֆինանսների հետ կապված չէր, որքան Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ աշխատելու բարդության: Մենք Սուպերլիգային մասնակցելուց առաջ չգիտեինք՝ ուր ենք գնում, ծանոթ չէինք այնտեղի ներքին խոհանոցին, և անմիջապես խնդիրների հանդիպեցինք: Արդեն առաջին խաղում անհասկանալի պատճառներով մեզ թույլ չտվեցին հայտավորել մեր մի քանի բասկետբոլիստներին: Ստիպված խաղում էինք գրեթե առանց փոխարինման, ինչն արդեն անլուրջ էր: Օրինակ՝ կենտրոնական Օ’Բրայանն ընդհանրապես փոխարինող չուներ: Կար տարբեր վերաբերմունք մեր և մյուս թիմերի միջև, քանի որ միայն մենք էինք արտասահմանյան ակումբը և մեզ վրա բացասական առումով բազմապատկված ուշադրություն էր դարձվում: Սա փորձ էր, որը հաշվի կառնենք, եթե հետագայում որևէ մրցաշարի մասնակցելու հնարավորություն ընձեռնվի: Օրինակ՝ ВТБ լիգան կազմված է տարբեր երկրների թիմերից, և այնտեղ մենք չենք լինի «խոշորացույցի տակ»:

Շարունակելի․․․

Հարցազրույցի երկրորդ մասում խոսել ենք 3×3 բասկետբոլի մրցելույթների դադարեցման պատճառների, Մ-20 հավաքականի պոտենցիալի, հավաքակաների առջև դրված խնդիրների, հայ մրցավարների աշխատանքների և NBA-ում ճանաչված հայ մարզիչ Ռեքս Կալմանյանի մասին, ով «Տորոնտո Ռեպտորսի» մարզիչն է։

                                                                                                            Հայկ Հովհաննիսյան
                                                                                                      

Հետևեք մեզ նաև Telegram-ում