Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» խուսափեց պարտությունից և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» խուսափեց պարտությունից և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ռեալը» չկարողացավ առավելության հասնել «Սևիլյայի» նկատմամբ, սակայն երկու խաղերի ընդհանուր արդյունքով պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

Առաջին խաղում Զինեդին Զիդանի թիմը սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ «Ռամոն Սանչես Պիսխուանում» կայացած խաղն ավարտվեց 3։3 հաշվով։

Հանդիպման մեկնարկն անհաջող ստացվեց հյուրերի համար․ 10-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Դանիլոն։ Ոչ մարտական կազմով հանդես եկող «սերուցքայինները» հաշվի հավասարությունը վերականգնեցին երկրորդ կեսի մեկնարկում․ 48-րդ րոպեին անհատական անցումից հետո աչքի ընկավ Մարկո Ասենսիոն։

Ընդամենը 5 րոպե անց «Սևիլյայի» նորեկ Ստևան Յովետիչն առաջ մղեց իր թիմին, իսկ 77-րդ րոպեին «Ռեալի» ֆուտբոլիստների անփույթ խաղից օգտվեց և գոլի հեղինակ դարձավ Վիսենտե Իբոռան։

Թվում էր՝ «Սևիլյային» կհաջողվի ընդհատել «Ռեալի»՝ 39 խաղից բաղկացած անպարտելիության շարքը, սակայն հյուրերը կարողացան խուսափել պարտությունից։ 83-րդ րոպեին «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կրճատեց հաշվի տարբերությունն՝ անվրեպ իրացնելով Դավիդ Սորիայի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը, իսկ 93-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կարիմ Բենզեման։

Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 6։3 հաշվով՝ «Ռեալը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ և շարունակեց անպարտելիության շարքը։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սևիլյա» – «Ռեալ»՝ 3։3
Գոլերը՝ Դանիլո 10՛, Յովետիչ 53՛, Իբոռա 77՛ – Ասենսիո 48՛, Ռամոս 83՛ / 11-մետրանոց, Բենզեմա 90+3՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում